Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով հաստատվեց «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ –ի հետ 2017 թվականի ապրիլի 21-ին կնքված պայմանագիրը լուծարելու մասին որոշումը:

Կառավարությունն այսօր հաստատեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու մասին որոշման նախագիծը:

Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:

Ըստ կառավարության որոշման՝ պայմանագրի դադարեցմամբ՝ կողմերի համար դադարում են փոխադարձ պարտավորությունները, և կողմերն ազատվում են պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու համար պատասխանատվությունից:

Պայմանագում նշված է, որ կողմերը դադարեցնում են փոխադարձ համագործակցությունը, քանի որ ՌԴ սահմանապահ զորամասի ղեկավարությունը թույլ չի տալիս վերահսկվող տարածքում շինարարական աշխատանքներ կատարել:

Կառավարւթյան նիստի ավարտից հետո էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ ոչ թե ռուս իրավապահներն են արգելել կառուցել, այլ խնդիրներ են առաջացել իրանական կողմի հետ:

«Իրանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են և կավարտվեն հաջորդ տարի: Ռուսական սահմանապահների կողմից արգելք չի եղել և խոսքը գնում է իրանական կողմի հետ բանակցությունների մասին»:

Մեջբերմանը՝ որ որոշման նախագծում գրված է, որ պայմանագիրը դադարեցվում է ռուսական կողմի հետ համաձայնություն չստանալու պատճառով, պաշտոնյան պատասխանեց. «Դա վրիպակ է»: