«Մենք կարող ենք Լիբանանը վերադարձնել քարե դար»,- այդ մասին հայտարարել է Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը։
Նա նշել է, որ, ինչպես Սիրիայում, իրենք խոչընդոտելու ենք Հզբոլահին ռազմական գործողություններով։ Ըստ նրա՝ այս անգամ Իսրայելի թիրախը կարող է դառնալ ողջ Լիբանանը։
Լիբանանում Իրանի շահերի սպասարկող է համարվում Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմաքաղաքական միավորումը։
Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Սիրիայում Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից' Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը' պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։
Սիրիան ու Հզբոլահն Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը Դամասկոսի օդանավակայանի միջոցով, ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։
Ինչ վերաբերում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների' Իսրայելի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել, այսպես կոչված «շիայական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։
Թել Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահն Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը' իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։
Սիրիական հակամարտության պատճառով տուժել է տեղի հայ համայնքը' կորցնելով նյութական մեծ արժեքներ և դառնալով փախստական։ Այսօր այդպիսի ճակատագիր է սպառնում նաև Լիբանանի հայ համայնքին։
Լիբանանում է գտնվում Մերձավոր Արևելքի ամենակայացած համայնքներից մեկը՝ լիբանանահայ գաղութը, որը սունի-շիա հակամարտության, Իրան-Իսրայել proxy war-ի պատճառով ստիպված կլինի արտագաղթել երկրից և կրկնել իրենց սիրիահայ եղբայրների ճակատագիրը:
Քաղաքական չեզոքության պահպանման դեպքում, միևնույն է, համայնքը չի կարող ապահովագրված լինել փողոցում կատարվող ահաբեկչություններից կամ ռազմական բախումների վտանգից, Սիրիայից՝ Լիբանանի տարածքի հրետակոծություններից և, ընդհանուր առմամբ, Լիբանանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման բացասական հետևանքներից:
Այսպիսով՝ Լիբանանի կայունությունը և այնտեղ գտնվող լիբանանահայության անվտանգության բավարար մակարդակի պահպանումը բխում է ՀՀ-ի շահերից, ինչպես հայրենակիցների նկատմամբ բարոյական պատասխանատվության, այնպես էլ Մերձավոր Արևելքում հայկական գործոնի և ներկայության պահպանման տրամաբանությունից ելնելով: