Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրաշրջանառության ծավալների աճ է արձանագրվել ընթացիկ տարվա տասն ամիսների կտրվածքով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կազմել է 211.4 միլիոն դոլար' 2016-ի տասն ամիսների 199.4 միլիոն դոլարի համեմատ: Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Իրանի տեսակարար կշիռը այս տարվա հունվար-հոկտեմբերին եղել է 4.2 տոկոս: Ինչ վերաբերում է արտահանման ու ներմուծման ցուցանիշներին, ապա նշյալ ժամանակահատվածում Հայաստանից Իրան արտահանվել է 66.9 միլիոն դոլարի ապրանք, որը, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 2.3 տոկոսով:
2017-ին տասն ամիսներին Իրանից Հայաստան է ներմուծվել 138.9 միլիոն երրորդ երկրներում արտադրված ապրանք, 144.4 միլիոն դոլարի՝ իրանական ծագման արտադրանք: Այս ցուցանիշներում ևս արձանագրվել է աճ, առաջին դեպքում' այն կազմել է 12.1, երկրորդում' 7.8 տոկոս:
2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով' դեպի Իրան արտահանման գումարային ծավալում շուրջ 90 տոկոսը բաժին է հասնում էլեկտրաէներգիային: Բացի դրանից' Հայաստանից Իրան են արտահանվում միս-մսամթերք, թուղթ, մետաղի ջարդոն, մեխանիկական սարքավորումներ, բժշկության մեջ կիրառվող սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր: Իրանից ներմուծվում է բնական գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքներ, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն:
Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, ապա 2016 թվականի կեսերից Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրով երկու պետությունների քաղաքացիները 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ժամկետով առանց մուտքի արտոնագրի կարող են գտնվել միմյանց տարածքում: Կանխատեսվում էր, որ գործընթացի հեշտացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ զբոսաշրջության զարգացման վրա: 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Իրանից հյուրընկալված զբոսաշրջիկների թվաքանակն աճել է շուրջ 27 տոկոսով: Նրանց մասնաբաժինը Հայաստան եկած զբոսաշրջիկների թվում 15.7 տոկոս է:
Երկկողմ տնտեսական հարաբերությունների առումով կարևոր է Հայաստանի նախաձեռնությամբ սկիզբ առած և ընթացող բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ:
Դեկտեմբերի 15-ին կկայանա «Մեղրի» ազատ տնտեսական գոտու բացումը, որը Իրանի հետ տնտեսական կապերն ամրապնդելու իրատեսական հնարավորություններից մեկն է: Հայաստանի հարավում գտնվող ազատ տնտեսական գոտին Եվրասիական տնտեսական միության տարածքում գտնվող ութ տնտեսական գոտիներից Է' իրեն ընձեռված արտոնությամբ: Ազատ գոտում ֆիզիկական անձինք կարող են որոշակի չափաքանակներով առևտուր իրականացնել ու ապրանքները ձեռք բերել, այսպես ասած, duty free ռեժիմով: Նախատեսվում է իրանական կողմում գործող «Արաս» ազատ տնտեսական գոտու հետ համագործակցության մեխանիզմներ մշակել, ընդհուպ մինչև համատեղ ազատ տնտեսական գոտու գաղափարի իրագործում: