Գյումրիի ավագանու չորս մշտական գործող հանձնաժողովի հերթական համատեղ նիստի ժամանակ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդհարվել է ընդդիմադիր ԳԱԼԱ-ի հետ. բոլորի աչքի առաջ իսկական սկանդալ է ծավալվել, որի պատճառը, պարզվում է, Գյումրիի մանկապարտեզներն են, իսկ ավելի ճիշտ` դրանց վճարների հարցը: ԳԱԼԱ-ն հստակ կողմ է արտահայտվել մանկապարտեզներն անվճար դարձնելու գաղափարին ու կոչ արել համապատասխան խնդրանքով կառավարությանն ուղերձ հղելու նախագիծը հավանության արժանացել, ինչին Բալասանյանն ամեն գնով ընդդիմացել է: Նկատենք, որ այս խնդիրն իրապես օրհասական է շատ ընտանիքների համար, քանի որ շուրջ 1700 գյումրեցի երեխաներ զրկված են մանկապարտեզ հաճախելու իրենց բնական իրավունքից. վճարը չափից դուրս թանկ է:

Հարց է առաջանում` ինչո՞ւ է, այնուամենայնիվ, քաղաքապետ Բալասանյանը, որի բան ու գործի անունն, եթե չենք սխալվում, գյումրեցիների մասին հոգ տանելն է, ամեն գնով փորձում ընդդիմանալ տվյալ գաղափարին` գնալով բացահայտ բախման, շոուներ սարքելով, բարբառելով կառավարության ու իր բարեգործությունների մասին` հանդեպ Գյումրիի և այլն: Այսինքն` կյանքի գնով փորձում է վիժեցնել այս` միանգամայն բարոյական ու ողջունելի նախաձեռնությունը:

Պատասխանը կարող է մեկը լինել` Բալասանյանը վախենում է, ու դա հերքել ոչ ոք չի կարող: Եվ ուրեմն` ինչի՞ց է վախենում: Ըստ երևույթին վախենում է մեկ բանից` սեփական եկամուտների նվազումից. չմոռանանք, որ քաղաքապետարանի բյուջեն (եթե ոչ նաև որոշ անհատների գրպանները) լցվում են հենց նմանատիպ վարձավճարների հաշվին նաև, ու եթե ստացվի այնպես, որ Կառավարությունը որոշի անվճար դարձնել քաղաքի նախակրթարաններն, ապա կստացվի, որ Բալասանյանը զրկվելու է բյուջե մուտք գործած հավելյալ եկամուտները տնօրինելու հաճույքից: Իսկ այն, որ գործողությունն այդ չափազանց հաճելի է ու աներևակայելի զգացողություններ պարգևող, կարող է վկայել գրեթե ցանկացած չինովնիկ, ում բախտ է վիճակված բյուջե ունենալու ու այն ըստ ցանկության տնօրինելու:

Ցավոք, Գյումրիի սկանդալը ևս մեկ անգամ բացահայտում է հատկապես տեղական իշխանությունների կողմից վարվող քաղաքականության ապասոցիալական բնույթը, փաստում է, որ հասարակ ժողովրդի հոգսերը ոչ միայն շարունակում են անտեսված մնալ, այլև ոմանք նույն ժողովրդի հաշվին շարունակում են պարարտանալ ու փող դիզել:

Տեսնես մինչև ե՞րբ…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ