Պարզվում է` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել. նրան դատի են տվել: Բանն այն է, որ մարզպետի նշանակումից ի վեր մասնավորապես մամուլը չի դադարում գրել ու խոսել այն մասին, որ Գրիգորյանը ինչպես մարզն առհասարակ, այնպես էլ մարզպետարանը` մասնավորապես, արագ տեմպերով վերածում է սեփական «դուքանի»` ենթակաների հետ վարվելով այնպես, ինչպես սիրտն է թելադրում: Ու հիմա Գրիգորյանի կամայականության արդյունքում սեփական աշխատանքին հրաժեշտ տված աշխատակիցներից մեկը, նույն մամուլում հայտնված տեղեկության համաձայն, դիմել է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ Հայաստանի այլ պետական օղակներում աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարող ենթակվել ինչ-ինչ ապօրինությունների կամ իրավունքների ոտնահարումների, սակայն այն ինչ կատարվում է Արամայիս Գրիգորյանի կողմից ղեկավարվող օղակում, ուղղակի դուրս է գտնվում մարդկային բանկանության սահմաններից: Այնպիսի տպավորություն է` ասես մարզպետը դժգոհ է սեփական կյանքից ու կարգավիճակից, իսկ ավելի ճիշտ` նրանցից, ովքեր իրեն մարզպետ են նշանակել` փոխարենն ասենք նախարարի պաշտոն վստահելու, ու հիմա չունենալով սեփական «գջիկը» համապատասխանների վրա թափելու ոչ մի հնարավորություն, մարդը սկսել է վրեժ լուծել սեփական ենթականերից:
Այո՛, կյանքում ոչ միշտ են իրականություն դառնում մարդկային բաղձալի երազանքները, ոչ միշտ է, որ անհատը հնարավորություն է ստանում կյանքում ինքնառեալիզացվելու այնպես, ինչպես սեփական խելքին է փչում, բայց անվիճելի է, որ նույն այդ անհատն, իսկ այս պարգայում` Արամայիս Գրիգորյանը պարտավոր է իրեն արդարացնել այն պաշտոնում, որը նրան վստահվել է: Իսկ ո՞վ է ասել, որ Արարատի մարզպետ լինելը վատ է. բավական յուղոտ մարզ է ու մի փոքր կրեատիվ գտնվելու պարագայում կարելի է սեփական կենցաղն ավելի բազմազան դարձնել: Ով-ով, բայց Արամայիս Գրիգորյանը պետք է որ նման ճշմարտություններից վաղուց տեղյակ լիներ…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ