Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Մեր հասարակության և պետության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ անձնվեր աշխատանքի, մեր երկիրն աղետաբեր չարագործություններից զերծ պահելու գործում ձեր դերակատարության և ցուցաբերվող պրոֆեսիոնալիզմի համար:
Ցավոք, վերջին տասնամյակներում տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակը շարունակաբար ուղեկցվում է զազրելի ոտնձգություններով, հատկապես ահաբեկչական բնույթի դաժան հանցագործություններով: Նման պայմաններում դուք կարողանում եք բարձր պահել մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանի կոչումը: Դուք ժամանակին համահունչ զարգացնում եք ձեր աշխատանքը՝ զսպելով վտանգավոր զարգացումները:
2017 թվականի ընթացքում ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնելիս դրսևորեցին պահանջվող պատրաստվածություն: Ավելին՝ ԱԱԾ մարմինները, վերահսկելով օպերատիվ իրավիճակը, թույլ չտվեցին, որ ինչ-ինչ զարգացումներ վնասակար հետևանքներ առաջացնեն Հայաստանի պետականության և սահմանադրական կարգի համար:
Միևնույն ժամանակ, ազգային անվտանգության մարմինների ղեկավարությունն ու անձնակազմը ամենօրյա շարունակական աշխատանք են իրականացրել սահմանադրական բարեփոխումների իրագործման անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Այդ աշխատանքների շրջանակում առաջիկա տարում կհստակեցվի նաև Ազգային անվտանգության ծառայության կարգավիճակը:
Հարգելի՛ պարոնաք գեներալներ և սպաներ,
Հարգարժա՛ն վետերաններ,
Մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հետագա զարգացումը: Ավելին՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի բոլոր ուղղություններով իրականացվող այդ աշխատանքները համապատասխանեն ժամանակակից առաջատար հատուկ ծառայությունների չափանիշներին:
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, նորանոր հա-ջողություններ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովրդի և հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու վեհ գործի»: