Ղարաբաղյան հակամարտությունը կրոնի հետ որեւէ կապ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը' ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է հակամարտությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական կամ կրոնական հակամարտություն:

«Պատկերացրեք՝ որքան վտանգավոր կլիներ, եթե ղարաբաղյան հակամարտությունը դառնար կրոնական հակամարտություն՝ հաշվի առնելով «Իսլամական պետության» վերելքը: Սա դժոխքը ևս մեկ աստիճանով կտաքացներ: Պետք է կանխել նման թյուրըմբռնումը: Շատ վտանգավոր կլինի, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Իլհամ Ալիեւին եւ թույլ տա այս հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն»,- նշեց նա: Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Խորհրդային Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևին՝ հիշեցնելով, որ այն ընդունվել է 1988 թվականին:

«Այդ բանաձեւում ԵԽ-ն օժանդակել է ղարաբաղյան շարժմանը, փոքրամասնության պահանջին՝ վերամիավորվելու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ: ԵԽ-ն դատապարտել է Սումգայիթում հայկական ջարդերը: Այդ ժամանակ ԼՂ շարժումը համարվում էր ժողովրդավարական, ազգային շարժում»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ Արցախում հազարավոր մարդիկ են ապրում, ովքեր պետք է վայելեն ՄԱԿ-ի տրամադրած հիմնարար իրավունքները:

«Ես չեմ խոսում քաղաքական իրավունքների մասին: Նրանք այդ իրավունքն այնպես էլ են վայելում: Ավելի շատ պետք է շեշտենք նրանց՝ մշակութային, կրթական, բնապահպանական և այլ ծրագրերի մեջ ներգրավման անհրաժեշտությունը, որոնցից այդ մարդիկ այժմ զրկված են: Այս ստատուս քվոն Արցախի ժողովրդին թույլ չի տալիս մասնակցել օրինակ ԵՄ ֆինանսավորած ծրագրերին: Արցախի երիտասարդությունը իրավունք չունի օգտվել «Էրասմուս+ ծրագրից»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: