Աշխարհում նոր տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռ՝ գնալով ավելի է բարդանում կեղծ լուրերի տարածման խնդիրը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով' ներկայումս հայտնի լրատվական կայքի կլոնավորված տարբերակի ստեղծումը դժվարություն չի ներկայացնում կեղծ լուր տարածողի համար, ուստի անտեղյակ ընթերցողի համար բավականին բարդ է դարձել ստուգել լուրի ճշգրիտ լինելը:
«Բացի այդ, չարագործը կարող է մի քանի ժամվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում էջ բացել և գովազդի միջոցով տարածել կեղծ լուրը: Խնդիրը նրանում է, որ շատ հաճախ «Ֆեյսբուք»-ի կամ այլ սոցիալական ցանցի լրահոսում ընթերցողը չի ֆիքսում, թե որ կայքի լուրն է կարդացել: Այսինքն' եթե նրանից հարցնեն, թե որ կայքում է կարդացել, կարող է ասել, օրինակ' «Ֆեյսբուք»-ում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով' Հայաստանում մարդկանց մեծ մասը լուր կարդալու համար քիչ է օգտագործում լրատվական կայքերը և ավելի շատ սոցիալական ցանցի լրահոսի միջոցով է տեղեկանում իրադարձություններին, որտեղ կարող են տեղադրվել նաև կեղծ լուրեր: