«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը շարունակում է հացադուլը և չի համաձայնվում դադարեցնել այն: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը:
Նշենք, որ արդեն 7-րդ օրն է՝ ինչ Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է: Բիլյանը պահանջում է, որ իրեն հետազոտութոյւնների ենթարկեն բանտից դուրս՝ քաղաքացիական բուժհաստատությունում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ։
«Բիլյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, բայց պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Իրեն էլ ոչ մի կերպ չենք կարողանում համոզել, որպեսզի դադարեցնի հացադուլը: Նա շարունակելու է հացադուլը` մինչև պատշաճ հետազոտությունների չենթարկվի: Նրա մոտ առկա խնդիրները կապված են նյարդային համակարգի հետ, գլխում, բերանի մեջ այրոցներ ունի»,-ասաց փաստաբանը:
Պաշտպանը նշեց՝ ՔԿՀ-ի վարչության պետին դիմում է հասցեագրել՝ խնդրելով ապահովել իր պաշտպանյալի բժշկական հետազոտությունները. «Խնդրել եմ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, անհրաժեշտության դեպքեւմ ՔԿՀ-ից դուրս՝ քաղաքացիական հիվանդանոցում: Խնդրել եմ նաև՝ նրան տեղափոխել, մասնավորապես, Արմավիր ՔԿՀ, այնտեղ պայմանները փոքր-ինչ բարվոք են, քանի որ այստեղ 6-7 հոգանոց խցում 13 հոգի է պահվում, ովքեր ծխում են, ինչն անհամատեղելի է իմ պաշտպանյալի առողջության հետ»,- նշեց փաստաբանը:
Նա ընդգծեց՝ պատրաստվում է նաև դիմել Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրին ուշադրություն դարձնելու համար:
Նշենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 238–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով: Արմեն Բիլյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: