Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը կազմել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Դրանով նախատեսված գործարար միջավայրի բարելավմանն ուղղված և արդեն կիրառվող երկու նախաձեռնություններն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանն ու բարձր գնահատականին: Նշվել է, որ խոսքը, մասնավորապես, քաղաքաշինական փաստաթղթերի և շինարարական թույլտվությունների տրամադրման կարգի պարզեցման և ժամկետների կրճատման մասին է։ Արդյունքում՝ Երևանի քաղաքապետարանը, նախկին 20-25 օրվա փոխարեն՝ արդեն 1-2 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով շինթույլտվություններ է տրամադրում մայրաքաղաքում ենթակառուցվածքների շահագործումն ու սպասարկումն իրականացնող ընկերություններին: Թվում է, թե քաղաքապետարանը վերջապես որոշել է ազատել գործարարներին ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից, միևնույն ժամանակ՝ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե կարելի էր 1-2 օրվա ընթացքում կազմակերպել այդ գործընթացը, ինչո՞ւ այսքան ժամանակ չէին անում: Ամեն բան իր տեղն է ընկնում, երբ տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի կողմից բացառիկ հնարավորությունները տրվելու են միայն մայրաքաղաքում ենթակառուցվածքների շահագործումն ու սպասարկումն իրականացնող «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին: Հասկանալի է դառնում նաև այն բարձր գնահատականը, որին քաղաքապաետարանն արժանացավ կառավարության կողմից:
 
Վարչապետության առաջին ամիսներին Կարեն Կարապետյանն անգամ աստղեր էր խոստանում իջեցնել երկրի տնտեսությունը զարգացնելու ու հայաստանաբնակների կյանքի որակը բարելավելու համար, սակայն իր աշխատելաոճը և ընդունած որոշումներն ընդամենը փաստում են, որ Կարապետյանը քրեաօլիգարխիկ ստատուս- քվոյի պահպանման ջատագով է՝ չնայած մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագոչ հայտարարություններին: Բիզնես միջավայրը բարելավվում է: Սակայն միայն խոշորների համար: Իսկ մնացած տնտեսվարողները շարունակելու են դռներ թակել և հայտնվել տարատեսակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ: Սա Հայաստանն է և վե՛րջ…
 
Ստելլա Խաչատրյան