Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսներից ամենասպասվածը թերևս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանինն էր, որը կարծես թե այդպես էլ կմնա բարի ցանկությունների մակարդակում, քանի որ մեկ տարի շարունակ լռություն պահպանած նախարարը չի պատրաստվում խախտել ձևավորված ավանդույթը և հիշեցնել իր և իր գերատեսչության գոյության մասին: Էներգետիկայի ոլորտը Հայաստանում համարվել է գերակա ոլորտ, ներդրումների առյուծի բաժինն ուղղվել է հենց էներգետիկ կարողությունների հզորացմանը, ստորագրվել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը նոր ուղիներ է բացում էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և ընդհանրապես ոլորտի դիվերսիֆիկացման համար: Թվում է, թե ակնհայտ է՝ Մանուկյանը հանրության և լրատվամիջոցների հետ կիսվելու շատ բան ունի, բայց արի ու տես, որ էներգետիկ ոլորտում մենաշնորհ է համարվում նույնիսկ այդ ոլորտի մասին խոսելը: Ի՞նչ կարող է ասել Մանուկյանը: Գուցե ավելի ճիշտ է նախարարի փոխարեն ասուլիսի հրավիրել ՀԷՑ-ի գործադիր տնօրենին, միլիարդատեր հանքատերերին, կամ վերջին հաշվով՝ վարչապետի փեսային, սակայն ոչ Մանուկյանին, քանի որ վերջինս իր գերատեսչության հետ զուտ ֆունկցիոնալ դերակատարում ունի՝ չունենալով որոշումների կայացման վրա ազդելու ոչ մի լծակ:

Աշոտ Մանուկյանի ղեկավարած կառույցը բավական անելանելի և անպաշտպան վիճակում է հայտնվում, հատկապես, երբ գործը վերաբերում է հանքաարդյունաբերության ոլորտում գերշահույթներ ապահովող ընկերությունների հետ առկա կամ հեռակա պայքար մղելուն: Թերևս ինքը Մանուկյանն էլ շատ լավ գիտակցում է, որ այս պայքարում նախարարությունը կանխավ պարտվողի դերում է, քանի որ ինքը, իբրև ոլորտի պատասխանատու, իբրև նախարար՝ չի կարող համարժեք կերպով արձագանքել ստեղծված իրավիճակում՝ չունի համապատասխան լծակներ և ռեսուրսներ: Այս իրավիճակում, ժողովրդի մոտ անկասկած հարց է առաջանալու էներգետիկայի նախարարի գնի կամ արժեքի վերաբերյալ: Իսկ պատասխան՝ նա չունի: Ընդհանրապես, Հայաստանում էներգետիկայի նախարարության գոյության իմաստն է կարծես թե անհասկանալի: Չէ՞ որ Հայաստանի էներգետիկ հզորությունների մոտ 90 տոկոսը Ռուսաստանի պետական ձեռնարկությունների սեփականությունն է, կամ կառավարվում է այդ պետական ձեռնարկությունների միջոցով:

Ըստ երեւույթին, Հայաստանի իշխանությունն էլ այդ իմաստի անիմաստությունը հասկանալով է, որ որոշեց Էներգետիկայի նախարարությանը ավելացնել նաեւ բնական ռեսուրսների բաժինը, վերանվանելով այն Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարություն: Բայց, բնական ռեսուրսների առումով էլ կարծես թե անելու բան չկա, քանի որ բոլոր բնական ռեսուրսները կարծես թե տերեր ունեն՝ հանքարդյունաբերողներ: Մանուկյանին էլ մնում է ստորագրել այս կամ այն հանքը մի սեփականատերից մյուսին փոխանցելու վերաբերյալ որոշումները: Ու կարծես թե Հայաստանում ոչ թե էներգետիկայի նախարարի պաշտոնանկության, այլ ընդհանրապես նախարարության լուծարման հարցը պետք է բարձրացնել, քանի դեռ էներգետիկան ռուսների ձեռքին է, իսկ հանքերն էլ՝ Հայաստանի իշխանա-օլիգարխիկ համակարգի տարբեր սեգմենտների:

 

Ստելլա Խաչատրյան