«Ժամանակ» թերթը գրում է.
«Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանին Կարեն Կարապետյանի հարցազրույցի թերեւս ամենաուշագրավ դրվագն այն էր, որ Կարապետյանը, ըստ էության, առաջին անգամ բացահայտ հայտարարեց, որ 2018-ի վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում տնտեսության եւ բիզնեսի վրա: Այն, որ ցանկացած անորոշություն, առավել եւս պետության առաջին դեմքի մասով անորոշություն բացասաբար է ազդում եւ ոչ դրական սպասումներ է հաղորդում բիզնեսին, աքսիոմատիկ ճշմարտություն է, եւ Կարապետյանը բարձրաձայնում է հենց դա: Մյուս կողմից, սակայն, կոնկրետ իրավիճակը առաջացնում է կոնկրետ հարցեր:
Մասնավորապես, այդ ճշմարտությունն ազդարարելով հանդերձ, ի՞նչ է, ի վերջո, ուզում Կարեն Կարապետյանը: Նա ուզում է, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ բան հայտարարի եւ ցրի՞ անորոշությունը, այդպիսով նաեւ դրական ազդակներ փոխանցի բիզնեսին, թե՞ ուզում է պարզապես տնտեսական կյանքում հանրության համար շոշափելի առաջընթացի բացակայության համար պատասխանատվությունը դուրս գրել Սերժ Սարգսյանի ստեղծած անորոշության վրա: Ո՞րն է Կարեն Կարապետյանի նպատակը, հարցին փաստորեն առաջին անգամ անդրադառնալու իմաստը: Կարեն Կարապետյանն այդ մասին, օրինակ, ասե՞լ է Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ չի ասել, եթե չի ասել, իսկ եթե ասել է, ապա ի՞նչ է պատասխանել Սերժ Սարգսյանը:
Ընդ որում՝ այդ հարցերը ամենեւին զուտ լրագրողական կամ հանրային հետաքրքրության ոլորտից չեն, որպեսզի պատասխաններն էլ դիտվեն զուտ այդ հետաքրքրությունը սպառելու միջոց: Այդ հարցերին պատասխանելով՝ Կարեն Կարապետյանը կարող է գոնե փոքր-ինչ ցրել անորոշությունն ու որոշակի ազդակներ հղել բիզնեսին: Մյուս կողմից՝ ինչո՞ւ է Կարապետյանն այդ հանգամանքը խոստովանում կամ բացահայտում հիմա, երբ կա շատ կոնկրետ տնտեսական իրողությունների համար պատասխան տալու անհրաժեշտություն, քանի որ 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հավաստիացումները, կարծես թե, այնքան էլ չեն դիմանում քննադատությանը, եւ տնտեսագետները բավականին դյուրությամբ ցույց են տալիս, որ աճի այդ ցուցանիշը ոչ այնքան կառավարության սպասվածից ավելի աշխատանքի արդյունքն է, այլ ավելի շատ ստացվել է բարենպաստ գործոնների բերումով, քանի որ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների մասով, մեծ հաշվով, չկա որեւէ սկզբունքային փոփոխություն, եւ դրա վկայությունն է նաեւ այն, որ հարցազրույցի տնտեսական մասում Կարեն Կարապետյանը գործնականում չի ասում ոչինչ, եւ այդ վակուումը լցնելու համար էլ ապահովվում է տնտեսական բլոկի նախարարների հոծ ներկայություն:
Իհարկե, այնպես չէ, որ նախարարները շատ բան են ասում, թեեւ, ինչ խոսք, անհրաժեշտ է արձանագրել, որ «Տեսլա»-ի հետ արեւային էներգիայի կուտակման կայան կառուցելու շուրջ բանակցությունն, անկասկած, կարեւորագույն նախաձեռնություն է Հայաստանի համար, եւ այն պետք է ողջունել՝ ակնկալելով, որ վարչապետի 2018-ի անորոշությունը չի խանգարի «Տեսլա»-ի հետ վերջնական համաձայնությանը: Այդ ամենով հանդերձ՝ Կարապետյանի տնտեսական պատասխանները համոզիչ չեն, եւ նաեւ այդ պատճառով է առավել ընդգծված դառնում այն, որ փաստորեն առաջին անգամ Կարապետյանը խոսում է 2018-ի անորոշության հետեւանքի մասին՝ այն դեպքում, երբ ավելի վաղ հայտարարել էր եւ հարցազրույցի ընթացքում էլ ասում է, որ այլեւս չի խոսելու այդ թեմայով: Բայց ոչ միայն այլեւս խոսում է, այլ ասում է մի բան, որը մինչ այդ երբեք չէր ասել եւ ըստ էության՝ ասում է ավելի առանցքային բան, քան վարչապետի պաշտոնում մնալուն պատրաստ լինելը:
Ըստ էության, Կարեն Կարապետյանը գնդակը տեղափոխում է Սերժ Սարգսյանի դաշտ, եւ այժմ պետք է տեսնել, թե ինչ է անելու եւ ասելու Սերժ Սարգսյանը: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ մինչ այդ Սարգսյանը կարծես թե դրական էր արտահայտվել Կարապետյանի կառավարության արդյունքների եւ նպատակային ցուցանիշների մասին՝ հայտարարելով նաեւ, որ նա օգտակար վարչապետ է եւ մարդ: Փաստորեն, Կարեն Կարապետյանը լրիվ հակառակ պատասխան է տալիս՝ ասելով, որ Սերժ Սարգսյանն օգտակար չէ, քանի որ անորոշություն է թողնում, ինչը վնաս է բիզնեսին եւ տնտեսությանը: Պետք է ենթադրել, որ Կարապետյանը Սարգսյանի գովեստում նկատել է վտանգ կամ խաբկանք, զգոնության բթացման միտում, ինչի համար էլ անմիջապես գնդակը վերադարձնում է Սերժ Սարգսյանի դաշտ:
Ի՞նչ են անելու այդ պարագայում ՀՀԿ-ականները՝ նրանք կրկնելու են Կարե՞ն Կարապետյանին, հատատելու, որ վարչապետի հարցում անորոշությունը լավ բան չէ, թե՞ կրկնելու են իրենց եւ ավելին՝ հայտարարելու են, որ անորոշ բան չկա, եւ վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը: Կարեն Կարապետյանն այդ իմաստով նաեւ փաստի առաջ է դնում ՀՀԿ-ականներին: Նրանք կա՛մ իրեն պետք է կրկնեն, կա՛մ արդեն պետք է Սերժ Սարգսյանին «հռչակեն» վարչապետ՝ այդպիսով նաեւ, կամա թե ակամա, ֆալստարտի վիճակում դնելով Սարգսյանին: Կարապետյանն այդ իմաստով սրում է խաղը՝ պասիվ պաշտպանությունից անցնելով ակտիվ հակագրոհի, հարցն այն է, թե ինչի պատճառով՝ ավելի ինքնավստահ զգալո՞ւ, թե՞ հակառակը՝ ոտքի տակ հողը աստիճանաբար ավելի թույլ շոշափելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում