Օգտվելով արտակարգ դրության ռեժիմի տված իրավական հնարավորություններից՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է բանակից հեռացնել իր համար անցանկալի զինվորականներին և ավելի ամրապնդել իր դիրքերը:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքական ոստիկանության կողմից Ստամբուլում, Անկարայում և մի շարք այլ քաղաքներում ու նահանգներում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում դեկտեմբերի 27-ին ձերբակալվել է բանակի գործող 13 զինվորական:
Ձերբակալված զինվորականները մեղադրվում են չափավոր Իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած կազմակերպության, ինչպես նաև 2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման հետ կապ ունենալու մեջ:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր Իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: