Արմեն Ջիգարխանյանը չի հաշտվելու իր նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի հետ։ Այս մասին հայտնել է դերասանի փաստաբան Եւգենի Պարֆյոնովը, փոխանցում է Dni.ru-ն։
Իրավապաշտպանը հերքել է այն տեղեկությունը, որ Ցիմբալյուկ –Ռոմանովսկայան իր նախկին ամուսնուն հաշտություն է առաջարկել։ «Ոչ մի հաշտեցում չի լինելու։ Պարզապես նրանց փաստաբանը կապվել է ինձ հետ, մենք հանդիպել ենք, շփվել։ Բայց հաշտեցման մասին չէր խոսքը»,- նշել է Պերֆենովը։
Ընդ որում Ջիգարխանյանն ինքը շատ բացասաբար է տրամադրված նախկին կնոջ հանդեպ ու երազում է միայն մի բանի մասին՝ վրեժխնդիր լինել Վիտալինային։ «Արմեն Բորիսին առհասարակ կատեգորիկ է տրամադրված։ Նա նույնիսկ դեմ էր, որ ես հանդիպեմ մյուս կողմի հետ։ Բայց ես համարում եմ, որ ամեն դեպքում պետք է հանդիպել ու փորձել պայմանավորվել»,- ասում է փաստաբանը։
Պարֆյոնովի խոսքով, ինքը դաշնակահարուհուն առաջարկել է մի քանի պայման , որոնք կարող են օգնել հարթել կոնֆլիկտը։ «Եթե նրանք պատրաստ լինեն դրան, ապա ես կգնամ Արմեն Բորիսիի մոտ ու կհարցնեմ նրա կարծիքը։ Ոչ ավելին։ Բայց նրանք դեռ քննարկում են այդ պայմանները»,- ասել է իրավապաշտպանը։
Ընդ որում Պարֆյոնովը շեշտել է, որ որեւէ խաղաղ համաձայնություն չի ակնկալվում այս պահին։ «Արմեն Բորիսին համարում է, որ նրան պետք է պատժել»,- ասում է Պարֆյոնովը։
Փաստաբանը համամիտ չէ իր հաճախորդի հետ։ «Պատիժը մի բան է, բայց ունեցվածքը պետք է վերադարձնել։ Մենք պետք է վերադարձնենք ունեցվածքը կամ դրա մի մասը։ Կան զգացմունքներ։ Բայց ինձ հետաքրքրում են ունեցվածքի վերադարձման իրավական հիմքերը»,- ամփոփել է նա։