Շուրջ 13 տարի է Թուրքիայում Պոլսի Մխիթարյան Սանոց Միության նախաձեռնությամբ իրականացվում է «500 ծիծղուն աչք» ամանորյա ծրագիրը, որի շրջանակներում ամեն աշակերտ Ձմեռ պապից ստանում է իր երազած նվերը:
Տարիներ առաջ ծրագիրը իրականացվել էր մեկ դպրոցի համար։ Այժմ 6 պոլսահայ դպրոցների շուրջ 640 աշակերտ անհատական նվերներ է ստանում։ Այդ դպրոցների շարքին է դասվում Հրանտ Դինք վարժարանը, որը դեկտեմբերի 28-ին իր երդիկի տակ հյուրընկալեց «500 ծիծղուն աչք» ծրագրի ամենաշռայլ Ձմեռ պապին, որը ջանասիրաբար ու անտրտունջ պատասխանեց երեխաների նամակներին ու բերեց իրենց ուզած նվերները, փոխանցում է arevelk.am-ը:
Երեխաների խինդն ու ծիծաղը խառնվել էր ամանորյա մանկական մաքուր երազին։ Հրանտ Դինք վարժարանի սաները իբրև շնորհակալություն երգեցին «Փոքրիկ Հայաստան» երգը։ Այս նվերները բարի սերմեր են ցանված մեր երեխաների սրտերում և տարիներ հետո պետք է իրենց պտուղները տան․հիշելով իրենց մանկությունը՝ ապագայում նրանք ուրախացնելու են ուրիշ հայ երեխաների։
Մանկապարտեզից մինչև 5-րդ դասարան աշակերտները մեծ պատասխանատվությամբ ներկայացրին իրենց հանդեսը՝ արժանանալով ծնողների և հարազատների բուռն ծափահարություններին։ Աշակերտները ընթերցեցին Ձմեռ պապին ուղղված իրենց նամակները: էդուարդը բարի պապիկից Մեծ ու նոր դպրոց էր խնդրում, Արևիկը՝ քույր կամ եղբայր, մյուսները՝ խաղաղություն աշխարհի բոլոր մանուկների համար, այնուամենայնիվ գլխավոր փափագը հայրենիք վերադառնալն էր։
Մինչ փոքրերը մեծ հետաքրքրությամբ զննում էին իրենց նվերները, իսկ ավագ դասարանների աշակերտները սկսել էին իրենց դիմակահանդեսը, անակնկալ հյուր եկան Կենտրոնական վարժարանի 10-րդ դասարանի սաները իրենց ուսուցիչների առաջնորդությամբ։