2018 թվականի հունվարի մեկից ուժ մեջ մտած հարկային նոր օրենսգիրքն ու դրանից բխող թանկացումների ալիքն ամանորյա տոներից հետո հասարակությանը սթափեցնող հերթական տհաճ անակնկալն էր: 

Մասնավորապես, հունվարի մեկից սկսած՝ վարորդներն ահազանգում են, որ կտրուկ թանկացել են բենզինի բոլոր տեսակների գները:

Մաքսային նոր դրույքաչափերի ավելացմամբ՝ ռեգուլյար տեսակի բենզինը թանկացել է մոտ 30-40 դրամով, և մեկ լիտրն այժմ արժե 440 դրամ:

Պրեմիում տեսակի բենզինը 420 դրամից հասել է 450-ի:

Բենզինի սուպեր տեսակի մեկ լիտրն արժե 490 դրամ, նախկինում դրա գինը տատանվում էր 440-450 դրամի սահմաններում: 

Նշենք, որ թանկացել է նաև սեղմված գազը:

Այսուհետ դրա մեկ խմ-ը կարժենա 220 դրամ՝ նախկին 190 դրամի փոխարեն:

Դիզվառելիքի մեկ լիտրը նույնպես թանկացել է՝ 390 դրամից հասնելով 450 դրամի:

Հավելենք, որ, ըստ Հարկային նոր օրենսգրքի, 1000 խմ սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը 8330 դրամից դարձել է 23 000 դրամ, իսկ բենզինի մեկ տոննայի ակցիզային հարկը 25 000 դրամից հասել է 40 000 դրամ:

Բնականաբար, բենզինի թանկացումը հանգեցնելու է շղթայական թանկացումների: 

Շատ շուտով հերթական ահազանգի ալիքը կբարձրանա հացի և առաջին սպառման ապրանքների թանկացումների վերաբերյալ: