Իրանում շարունակվում են բողոքի ցույցերն՝ ընդդեմ երկրում տիրող ծանր տնտեսական վիճակի և իշխանությունների վարած քաղաքականության: Թե որքանով Իրանում ստեղծված իրավիճակը կարող է ազդել Հայաստանի վրա՝ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը փորձեց պարզել իրանագետ Ահարոն Վարդանյանից։

Իրանագետը նշեց՝ Հայաստանը Իրանի հետ կապված է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային կապերով և այս առումով՝ Հայաստանին անհրաժեշտ է կայուն և խաղաղ Իրան․ «Հակառակ պարագայում, ներքաղաքական խառը խնդիրների մեջ թաթախված Իրանի դեպքում, Հայաստանի հետ համագործակցությունները չեն կայանա կամ դժվարությամբ կիրականանան։ Ընդհանրապես, մեզ համար ցանկալի է, որ մեր հարևան երկրները լինեն խաղաղության ու կայունության մեջ, քանի որ այդ պարագայում Հայաստանը կփորձի և կշարունակի զարգանալ»,- ասաց Վարդանյանը։

 

Նրա խոսքով՝ Իրանում տիրող իրավիճակի հետևանքները նույն ազդեցությունը կունենան Մեղրիի ազատ տնեսական գոտու վրա, ինչը կունենա Հայաստանի պարագայում, քանի որ առհասարակ Իրանի և Հայաստանի ծրագրերը կյանքի կոչելու համար պետք է լինի խաղաղություն։  

Հարցին՝ արդյոք կապ կա՞ Իրանում տեղի ունեցող ցույցերի, Ալիևի և իրանաբնակ ադրբեջանցիների միջև, իրանագետը նկատեց, որ բացարձակապես որևէ կապ չի տեսնում․ «Նախևառաջ՝ Իրանում բնակվող ադրբեջանցիներ չկան. դա ադրբեջանական քարոզչամեքենայի մատուցած տեղեկություններն են, կան թուրքախոս իրանցիներ՝ հյուսիսային հատվածում։ Սակայն պետք է նկատել, որ այդ հատվածներում բողոքի ցույցեր տեղի չեն ունեցել։

Պետք է փաստել, որ ցույցերն Իրանում տեղի են ունեցել երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով։ Մարդիկ ցույցերի միջոցով փորձեցին հասնել այդ խնդիրների կարգավորմանը, որից օգտվեցին արտաքին ուժերը՝ դրանց հաղորդելով քաղաքական երանգ»,- ասաց Վարդանյանը։

Սոնա Հարությունյան