Կառավարությունն այսօր նիստում գործադիրը հավանության արժանացրեց Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը 99 տարով «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին վարձակալության հիմունքներով, կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին նախագիծը:
Հարցի զեկուցող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ներդրումային ծրագրով նախատեսվում է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն՝ հագեցած լավագույն եվրոպական արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով։
Ներդրումային ծրագրի համաձայն՝ ժամանցի կենտրոնում կկառուցվի 35 մետր բարձրությամբ պտտվող անիվ, 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստեր, 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակ եւ այլն: Կենտրոնում կլինի նաեւ 5000 քմ մակերեսով ծածկված սրահ, որտեղ այցելուները կկարողանան վայելել իրենց ժամանցը նույնիսկ վատ եղանակային պայմանների դեպքում:
Ըստ նախագծի հիմնավորման՝ նախատեսվում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին 60 ամսվա ընթացքում, կստեղծվի ավելի քան 350 մշտական աշխատատեղ:
Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300․000 այցելու ունենալ:
«Պարկ գրուպ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության ղեկավար Գարեգին Նուշիկյանին: