ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նախքան թանկացումների մասին խոսելը, խորհուրդ է տալիս նախ տարանջատել թանկացում և գնաճ հասկացությունները. «Թանկացումները և գնաճը պետք է տարբերել և որոշ ապրանքների թանկացումը չի նշանակում գնաճի բարձր մակարդակ: Եթե այս գնաճային ցածր մակարդակի ֆոնը համեմատենք մեր տարածաշրջանի երկրների հետ, ապա Հայաստանում պատկերն ավելի տպավորիչ է, ավելի ցածր գնաճային տիրույթում է, քան, օրինակ, ԵԱՏՄ երկրները, Թուրքիան, Իրանը: Մյուս կողմից՝ պետք է նկատել, որ գնաճի պատճառ է դարձել 3,5 մլրդ դրամով ավելացված ռազմական ծախսերը»,-ասաց նա՝ հավելելով, որ չնայած այս հանգամանքին՝ Կառավարությունը կարող էր ֆորս-մաժորային իրավիճակից խուսափելու համար նախապես բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, ինչը չի արվել:
Տնտեսագետը խորհուրդ տվեց չքաղաքականացնել երկրում մեկնարկած թանկացումները՝ հաշվի առնելով, որ դրանց մասին խոսվում է արդեն տևական ժամանակ. «Հոկտեմբերի 4-ին ընդունված Հարկային օրենսգիրքը ծրագրում էր այն թանկացումները, որոնք ներկայում կան: Գների դեմ պայքարը նման է «թղթե թրերով հողմաղացների դեմ» դոնկիխոտյան պայքարին: Այնպես որ՝ եթե քաղաքականացնում ենք այդ պայքարը, ստացվում է դոնկիխոտյան պայքար և ընդամենը քաղաքական դիվիդենտներ հավաքելու փորձ»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ բողոքի երթ կազմակերպող «Ելք» դաշինքը, ունենալով ԱԺ-ի հզոր ամբիոն, փողոցային ակցիաներով է հանդես գալիս, ինչը որևէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ:
ԼՈւՐԵՐ.com-ը տնտեսագետից հետաքրքրվեց՝ թանկացումները զսպող ի՞նչ մեխանիզմներ կարող է կիրառել պետությունը՝ հաշվի առնելով նաև նախագահ Սարգսյանի մոտ այս թեմայով անցկացված խորհրդակցությունն ու տրված հանձնարարականները. «Պետք է ազատվել այն ուռճացված պետական ապարատից, որը գոյություն ունի մեր երկրում, կարելի է ունենալ արդյունավետ պետական ապարատ, որի պարագայում հնարավոր կլինի հայթայթել 5-6 մլրդ դրամ և բարձրացնել պետական ապարատում աշխատողների աշխատավարձը: Թանկացումների պարագայում կարելի է նաև ինդեքսավորել նվազագույն աշխատավարձը և քաղաքացիներին վճարել կամ 13-րդ աշխատավարձ, կամ թանկացումների տնտեսական ցուցանիշի՝ 2,5%-չափով ավելացնել աշխատավարձը»,-նկատեց տնտեսագետը:
Ատոմ Մարգարյանն անդրադարձավ նաև երեկ ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշումներից մեկին, ըստ որի, վաճառվում է պետական գանձանակում առկա թանկարժեք իրերը:
Տնտեսագետն այս որոշումը որակեց դրական, քանի որ թանկարժեք իրերը երկար պահելով, վտանգ կա, որ դրանք կկորցնեն իրենց շուկայական արժեքը:
Խոսելով ՀՀ-ում ներդրումների ծավալների մասին՝ փորձագետը նկատեց, որ Հայաստանում դրանք եռապատկվել են անցած տարվա համեմատ. «Տպավորիչ է տնտեսական ակտիվությունը, որը 11 ամիսների ընթացքում կազմում է 7,3 տոկոս, իսկ տնտեսական աճը, ըստ նրա, կամփոփվի 5,8-6,2 տոկոսի շրջանակներում՝ միջինը 6 տոկոս կլինի»:
Աղավնի Սուքիասյան