Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է տեղեկությունը, որ գերեզմանատեղ տրամադրելու համար հանգուցյալի հարազատներից պահանջում են վճարել քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը և գույքահարկը:
Ներկայացնում ենք Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնից ստացած գրությունը.
«Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց: Մնում է հասկանալ' մասնագիտական որակների բացակայությունն է պատճառը, թե սեփական շահերի հետապնդումը:
Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ վերջին օրերին մամուլով շրջանառվող լուրերը, թե քաղաքապետարանը մահացածներից հարկ է հավաքում, իրենց լրագրող համարող մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է եւ լրագրողական ու մարդկային էթիկայի կոպիտ խախտում, քանզի տվյալ լրատվամիջոցի լրագրողը նույնիսկ նեղություն չի կրել ճշտելու տեղեկատվության իսկությունը, ինչպես նաեւ չի պահպանել հավասարության սկզբունքը, այսինքն' երկու կողմերին լսելու եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու պայմանը:
«Ժամանակ» օրաթերի 12.01.2018 թվականի 4 (3482) համարում հրապարակված տեղեկատվությունը, որին լրատվական կայքերը հղում են կատարել եւ վերցրել են որպես հիմք, ակնհայտ ստահոդ եւ չճշտված տեղեկատվություն է, որն արատավորում է Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի բարի համբավը:
Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ կեղծիք տարածողները պատասխան են տալու: Խնդրում ենք, որ ամեն մի հրապարակում հստակ հղումներով լինի, համապատասխան աղբյուրներից ճշտված, հստակ երեւա իր վրա պատասխանատվություն վերցնող ինֆորմացիայի աղբյուրը: Հակառակ պարագայում, բոլորս ենք հասկանում, պատասխանատվություն կրելու է կեղծիքը հրապարակած լրատվամիջոցը»: