Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարապետյանն անդրադարձավ շինարարության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ նշելով, որ 2017 թվականին ոլորտում արձանագրվել է աճ, ինչը պետք է շարունակել նաև այս տարի. «Տարվա վերջին ոլորտում արձանագրվեց աճ և առաջիկայում ակնկալում ենք այդ տեմպերի ավելացում»,-ասաց վարչապետը:
Ըստ վարչապետի՝ իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հետ հանդիպումների արդյունքում, սակայն, առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն:
Ելնելով վերոգրյալից՝ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջական գործընթացների հստակեցման և իրավասու մարմինների վարչարարությունների թույլտվությունների եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ:
Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակզմի ղեկավարին և քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն. «2018-ին շինարարության ոլորտում մենք ակնկալում ենք որոշակի աշխուժություն, պետք է մաքսիմալ լսել, թե ինչն է իրենց խանգարում և շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել, որը որ տարբեր մեկնաբանությունների քիչ տեղիք տա»,-ասաց նա: