Հայ-ռուսական համալսարանում կայացել է ՀՌՀ-ի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի և համալսարանում աշխատող գիտնականների (Հ. Սարգսյան, Դ.Հայրապետյան, Ա. Թռչունյան, Հ. Ղազարյան, Ս. Պետրոսյան, Վ. Մելիքյան և Ս. Մայիլյան) հեղինակությամբ հրատարակված բնագիտության և մաթեմատիկայի 6 ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը, որոնք հրատարակվել են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Շնորհավորելով ձեռնարկների հեղինակներին՝ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը գիտության, մասնավորապես, բնագիտության և մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհը հանրամատչելի ձևով դպրոցականներին ներկայացնելն է. «Վերջին տարիներին գիտահանրամատչելի նյութերի և ձեռնարկների ստեղծումը, մի շարք գործոններով պայմանավորված, հետընթաց է ապրել: Մեր լավագույն հեղինակներն ավելի շատ զբաղված են եղել թեստագրությամբ, քան թե ձեռնարկների ստեղծմամբ: Դպրոցական գրադարաններում հանրամատչելի գիտական գրականության թարմացումների նախաձեռնություններն արժանի են հատուկ գնահատանքի, որովհետև դրանք հնարավորություն են տալիս զարգացնել բնագիտական և մաթեմատիկական կրթության լավագույն ավանդույթները, որոնք ձևավորված են մեր դպրոցներում»,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը:

Իր հերթին ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունը մրցունակ է դարձնում Հայաստանի կրթագիտական համակարգը տարածաշրջանում. «Մենք հասկանում ենք, որ գիտության արմատներն սկսվում են դպրոցից՝ դպրոցն հենց այն վայրն է, որտեղ պետք է ճիշտ ներկայացնել գիտության ֆանտաստիկ աշխարհը: Սերն ու ձգտումը դեպի գիտություն սկսվում է դպրոցական նստարանից»,- նշել է նա:

Նշենք, որ «Զարմանահրաշ նանոաշխարհ», «Կենդանի բջիջների աշխարհում», «Թվերի խորհրդավոր ու հետաքրքրաշարժ աշխարհը», «Արեգակնային ֆոտովոլտային տարրեր և մարտկոցներ», «Ինտեգրալ սխեմաների ներաշխարհը» և «Ֆիզիկան և համաչափությունը» ձեռնարկները հրատարակվել են «Դպրոցական գրադարան» մատենաշարի շրջանակում՝ «Աստղիկ գրատուն» հրատարակչության կողմից»: