Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն արձանագրում է, որ վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը դրական արձագանք է ստացել եվրոպացի պատգամավորների մոտ: «Այսօր արդեն հետադարձ հայացք գցելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթին` կարող եմ արձանագրել, որ ելույթը, ելույթում առկա ազդակները, միջազգային հանրությանն ուղղված ազդակները, Հայաստանի ժողովրդավարացման և երկրում բարեփոխումների իրականացման վերաբերյալ նրա մտքերը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի ղեկավարի կողմից պատմական իրողությունների ներկայացումը դրական արձագանք են ստացել եվրոպացի գործընկերների մոտ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթում առկա կարևոր շեշտադրումներին և ազդակներին և դրանց վերաբերյալ եվրոպացի պատգամավորների արձագանքին:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթի, ինչպես նաև դրանից հետո հարցերին տրված պատասխաններում մի քանի կարևոր շեշտադրումներ կային: «Բնականաբար, առաջինը ցանկանում եմ առանձնացնել այն, որ հանրապետության նախագահը այդ հարթակում հնչեցրեց, որ Հայաստանը կարողացել է տարբեր ինտեգրացիոն գործընթացներում հաջողել, և նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության հետ ստորագրված համաձայնագիրն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, ըստ էության, այսօր զուգակցված իրողություններ են: Սա շատ կարևոր է նաև այն տեսանկյունից, որ 5 տարի առաջ, երբ հանրապետության նախագահը կրկին ԵԽԽՎ-ում էր, իսկ դրանից մեկ ամիս առաջ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում էր կայացրել, նույն այս ամբիոնից տարատեսակ քննարկումներ էին ընթանում այն մասին, թե արդյոք Հայաստանը իր առաջնայնությունները փոխել է և եվրոպական ուղին փոխարինել է մեկ այլ ուղով: Հայաստանը թե երեկ, թե նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության հետ ստորագրած համաձայնագրով ցույց տվեց, որ ինքը որպես անկեղծ ու ազնիվ գործընկեր հաջողել է և կարողացել մեկը մյուսին զուգակցել»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:
Նա կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ Նախագահի ելույթի հատվածը Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության և գոյապայքարի հարցում իր անձնական ներդրման համատեքստում: «Այս առումով կարևորում եմ նաև ադրբեջանցի պատվիրակին տված արժանի պատասխանը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Որպես ՀՀ Նախագահի ելույթում առկա կարևոր շեշտադրում Արփինե Հովհաննիսյանն առանձնացնում է նաև Հայաստանում ներքին բարեփոխումների իրականացման վերաբերյալ հատվածը`կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական բարեփոխումներ, անկախ դատական համակարգի առկայության անհրաժեշտություն և այդ ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլեր:
Եզրափակելով խոսքը` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ Նախագահի ելույթում տարբեր ազդակներ կային, որոնցից յուրաքանչյուրը թիրախային էր: