Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին հոգևոր-մշակութային միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքում և մարզերում: Երիտասարդների և զինվորների օրհնության կարգ կանցկացվի Սուրբ Սարգսի անունը կրող մի շարք եկեղեցիներում: qahana.am կայքից տեղեկացանք, որ տոնական միջոցառումները կմեկնարկեն հունվարի 26-ին: Այսօր ժամը 16:00-ին Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում կատարվել է խաչերի օրհնության կարգ, որից հետո երիտասարդները Ս. Սարգսին մարմնավորող ձիավորի ուղեկցությամբ օրհնված խաչերը բաժանել են երիտասարդներին: 18:00-21:00-ին «Բուկինիստ» գրախանութում կամփոփվի «Իմ գաղտնի գրքաՍեր» խաղը, որի մասնակիցները գրքերով իրենց սիրո խոստովանությունն են արել՝ գրախանութի միջոցով գաղտնի նվեր թողնելով իրենց սիրելիներին: Սիրառատ ու գրքառատ երեկոյի ընթացքում ելույթ կունենա «Կտոր մը երկինք» խումբը (Արև և Աստղ Մախսուդյաններ): Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի Հսկման ժամերգություն (17:00-19:00-ին ), Արարատի Ս. Հակոբ եկեղեցում կկազմակերպվի Երիտասարդների օրհնության կարգ և երիտասարդներին նվիրված համերգային ծրագիր(17:00-ին ):
15:30-ին Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցուց թափորը ձիավորի ուղեկցությամբ կպտտվի գյուղում, 16:30-ին Արևշատի եկեղեցում տեղի կունենա ժամերգություն և երիտասարդների օրհնության կարգ, իսկ 17:30-ին եկեղեցու բակում` ինտելեկտուալ խաղ «Ս. Սարգիսը՝ երիտասարդների բարեխոս» թեմայով:
Օրը չամուսնացած երիտասարդների համար կավարտվի աղի բլիթ ուտելով: Ըստ ավանդության` այն երջանիկները, ովքեր երազում անծանոթից ջուր կստանան, այդ տարի կգնեն իրենց սիրեցյալին:
Շաբաթ օրը` հունվարի 27-ին, Սուրբ Սարգսի մասունքակիր Աջը, 17-րդ դարի Ավետարանը կբերվեն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի զինվորների օրհնության կարգ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: 14:30-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի Սիրահարների այգի քայլերթ կանցկացվի, որտեղ էլ տոնական համերգ կլինի:
Նույն օրը պատարագ կանցկացվի Սուրբ Սարգսի անունով Նոր Նորքի և Արգավանդի եկեղեցիներում, ավարտին կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ: 13:00-ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:
Հունվարի 28-ին էլ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ կկազմակերպվի տոնական միջոցառում:
Սուրբ Սարգսի տոնին նախորդել է Առաջավորաց պահքը, որը համարվում է տարվա առաջին պահքը: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ըստ քրիստոնեական հավատի` Սուրբ Սարգիսն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն հավատքի:
Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Մարդիկ հավատում են, որ Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահասբարեխոսն է և նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբին դնելն ու ՍուրբՍարգիս զորավարի ձիու պայտի հետքին սպասելը: