Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն օրերս տեղեկացրել էր, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով կեղծ էջ է բացվել: Էջը արդեն փակվել է, սակայն տարակարծությունները և քննարկումները շարունակվում են: Ոլորտի փորձագետները չզլացան և միանգամից գտան այստեղ հարևան երկրի օգտատերերի հետքը: Իհարկե, չի կարելի բացառել, որ ադրբեջանցիները կրկին անգամ պարապ էին մնացել, սակայն այստեղ հարկավոր է զուգահեռներ անցկացնել 2016 թվականին արձանագրված նմանատիպ դեպքի հետ: Մասնավորապես, 2016-ի ապրիլի 27-ին կեղծ էջ էր բացվել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունով, որտեղ Արցախում զինծառայողի զոհի մասին կեղծ տեղեկություն էր տարածվել: Այսինքն, Սեյրան Օհանյանի էջը ուներ հստակ հակահայկական ուղղվածություն և անզեն աչքով էլ տեսանելի էր, թե ում է ձեռնտու նման էջի գոյությունը և ինչ նպատակ է այն հետապնդում: Վիգեն Սարգսյանի թվիթերյան էջում այս ողջ ընթացքում արտառոց որևէ բան չկատարվեց, ինչը հիմք է տալիս հարցը դիտարկել նաև ներքաղաքական պայքարի համատեքստում:
Բավական է միայն վերհիշել Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննայի հանրահայտ մեղադրանքներն այն մասին, որ ինչ-որ մարդիկ հետևողականորեն վարկաբեկել են իրենց և նույն տիկնոջ այն զգուշացումը, թե այդ մարդիկ կստանան իրենց պատասխանը: Փաստացի, Ռուզաննա Խաչատրյանը հանրությանը «կիսամատուցել էր երկու փակ անուն»: Մեկը նրա ֆեյսբուքյան գրառման «հերոսն» էր, մյուսը՝ նա, ով մամուլում պատվերներ էր տալիս Սեյրան Օհանյանի ընտանիքի, նրա տիկնոջ դեմ, երբ գեներալ Օհանյանը զբաղեցնում էր Պաշտպանության նախարարի պաշտոնը եւ միաժամանակ հավակնում էր ավելի բարձր քաղաքական դերակատարման՝ Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտին ընդառաջ: Ավելին, նրա ընտանիքի, մասնավորապես՝ տիկնոջ դեմ մի քանի ԶԼՄ-ում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները գնահատվում էին որպես Սեյրան Օհանյանի քաղաքական ապագային հասցվող հարվածներ:
Այժմ, քանի դեռ իրական հողի վրա բախվելու նախադրյալներ չկան, կռիվը տեղափոխվել է վիրտուալ տիրույթ: Այն, որ Վիգեն Սարգսյան-Ռուզաննա Խչատրյան վիրտուալ հակամարտությամ խմորը դեռ շատ ջուր կվերցնի՝ ակնհայտ էր:
Սակայն առայժմ տեսանելի չեն այն հակաքայլերը, որոնք կարող է անել Վիգեն Սարգսյանը: Համենայն դեպս, եթե դրանք անգամ կան, ապա հրապարակային քաղաքականության մեջ էֆեկտիվ չեն լինելու, որովհետև ապարատային խաղերում հմտացած Վիգեն Սարգսյանը ֆորմալ, բաց հարթակներում ձախողվում է կամ կորցնում է ադեկվատությունը, ինչի դրսևորումն են խորհրդարանական վերջին քննարկումները և ֆեյսբուքյան հարթակում սայթաքումը:
Ստելլա Խաչատրյան