Արցախում, նախնական տվյալներով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20-ամյա Հովսեփ Գրիգորյանը  բանակ էր զորակոչվել 2017 թվականի հուլիսին:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սպիտակի զինկոմ Աղասի Խաչատրյանը նշեց, որ Հովսեփ Գրիգորյանը ծնվել էր Վրաստանում, այնուհետև տեղափոխվել էր Սպիտակ քաղաք. «Այստեղ ապրում էին տատիկի և պապիկի տանը, սոցիալապես անապահով էին, տուն անգամ չունեին: Մինչ զորակոչվելը մոր և քրոջ հետ աշխատելու նպատակով տեղափոխվել էին Ռուսաստան: Իսկ հայրն անհայտ բացակայող է, նրա մասին որևէ տեղեկություն հայտնի չէ»,- ասաց Խաչատրյանը:

 

Նրա խոսքով՝ Հովսեփ Գրիգորյանը ՌԴ-ից Հայաստան էր վերադարձել հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու: 

Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:

Սոնա Հարությունյան