Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Reuters լրատվական գործակալությանն արգելել է լուսաբանել Փհենչհանում 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունն այն բանից հետո, երբ գործակալությունն առանց թույլտվության հրապարակել է Օլիմպիական կրակի թեստային վառման փորձի լուսանկարները: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները:

Գործակալությունը տարածել է փորձի ինը լուսանկար, որը տեղի է ունեցել հունվարի 28-ին Փհենչհանում: Լուսանկարներում երեւում է թասը՝ հինգ հենարանների վրա քանդակի տեսքով, որոնք խորհրդանշում են հինգ մատներ: Կրակը դրա վրա բարձրանում է դեպի թասը թեքված վիթխարի ձողով:

 

Ավանդաբար Օլիմպիադայի բացման արարողությունը գաղտնի է պահվում մինչեւ ամենավերջին պահը: Փհենչհանում Խաղերի կազմակերպիչներն ավելի վաղ հայտարարել են, թե արարողությունը կդառնա շոու, որը «կզարմացնի ամբողջ աշխարհը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: