Երևանի մանկապարտեզների և նախադպրոցական կրթական հաստատությունների գերբեռնվածության խնդիրը հասավ Կառավարություն։
Վաղը գործադիրը հավանություն կտա Արման Սահակյանին պատկանող գերատեսչությանն ամրակցված մի շարք շենք շինություններ քաղաքապետարանին նվիրաբերելու մասին որոշմանը։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված, Երևան քաղաքի Ռուսթավելու N17 հասցեում գտնվող նախկին Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոցի շենքը՝ 3264.93 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 237 483 723 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, օժանդակ շինությունը՝ 13.5 քառ. մետր մակերեսով, 1 410 363 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, կաթսայատունը՝ 13.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 2 356 289 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, և 0.33164 հեկտար մակերեսով հողատարածքը, Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող նախկին Երևանի N 81 միջնակարգ դպրոցի շենքը՝ 862.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 53 898 449 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, կաթսայատունը՝ 48.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 2 851 988 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, օժանդակ շինությունը՝ 30 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 1 769 672 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, և 0.2582 հեկտար մակերեսով հողատարածքը նվիրաբերել Երևան համայնքին՝ այդ շենքերում մանկապարտեզ կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է կնքվեն նվիրաբերության պայմանագրեր, որով կլուծվի արդեն երկար տարիներ անլուծելի համարվող մանկապարտեզների գերծանրաբեռնվածության խնդիրը։