Այսօր՝ փետրվարի 2-ին, Դամասկոսի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու պահին ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծության է ենթարկվել Սոչիից վերադարձող օդանավը։ Այս մասին հաղորդում է Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականը:
Ինչպես փոխանցում է պարբերականը, օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:
Պատվիրակության կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ով պարբերականի հետ զրույցում մանրամասներ է պատմել դեպքի վերաբերյալ:
«Օդանավի վայրէջք կատարելու պահին առաջին հրթիռն ընկավ օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, այնուհետև երկու հրթիռ ևս արձակվեց դեպի օդանավը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, օդանավն էլ չի վնասվել: Համապատասխան ուժերն անմիջապես տվեցին անհրաժեշտ կարգադրություններ և պատվիրակության անդամներին ապահով կերպով դուրս բերեցին օդանավից, այնուհետև նաև օդանավակայանից»,- ասել է Ժիրայր Ռեիսյանը: