«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդվելու է, իսկ մաստեր պլանն արդեն պատրաստ է։ Նշենք, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

 

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելուն՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Քաղավիացիայի նախկին վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը նշեց, որ ինքը մշտապես ասել է, որ հարկավոր է բարեկարգել և վերանորոգել հինը, ոչ թե նորը կառուցել, քանի որ դրանից ավելի ամուր շենք դժվար թե լինի կառուցել։

Ստեփանակերտի օդանավակայանը գործարկվել է, բայց առաջին չվերթի օրը դեռ հայտնի չէ. Դմիտրի  Ադբաշյան

 

«Դա այն շենքն է, որտեղ պետք է վայրէջքից հետո կանգնեն օդանավերը, որպեսզի պատրաստվեն թռիչք կատարելու: Շենքը պետք է հատուկ ձևով կառուցված լինի, որպեսզի որքան հնարավոր է շատ ինքնաթիռներ կարողանան կանգնել: Դրա համար էլ մենք շենքը կլոր ենք կառուցել, իսկ գաղափարը եղել է Գերմանիայի օդանավակայաններից մեկի օրինակով։ Երբ նոր շենքը կառուցում էին, բոլորս հասկանում էինք, որ այն չի համապատասխանում միջազգային օդանավակայանների չափանիշներին։ Իսկ հինը կառուցելիս ես շենքի նախագիծը տարել եմ Ռուսաստան փորձաքննության, որից հետո ասացին, որ շենքը մի քանի անգամ ավելի ամուր է, քան պահանջվում է»,- ասաց Դմիտրի Ադբաշյանը՝ մտահոգություն հայտնելով, որ «Զվարթնոց» օդանավակայանի նոր շենքը չի կարող միաժամանակ մի քանի մեծ ինքնաթիռ սպասարկել:

Ադբաշյանի խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մոտ կան 14 կայաններ, որոնք կարող են սպասարկել անգամ կես կիլոմետրանոց օդանավեր, քանի որ տրամագիծը, որտեղ պետք է ինքնաթիռները կանգնեն  980 մ է, իսկ նոր շենքինը՝ 330։ Այսինքն նոր շենքի կողքին կարող են կանգնել 5-6 օդանավ՝ ի տարբերություն հնի, որտեղ կարող են տեղավորվել 14-ը։

Նրա համոզմամբ՝ «Զվարթնոցի» կլոր շենքը միջազգային պահանջներին հարմարացնելու դեպքում մի քանի անգամ ավելի էժան կնստի շահագործողի վրա, քան նոր մասնաշենքի կառուցումն է․ «Թեև կլոր շենքը ևս թերություններ ունի, քանի որ չկա մաքսատուն և այլ հարակից կառույցներ, ինչի հետևանքով էլ շենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, բայց շենքի ամրությունը չի կարելի կասկածի տակ դնել, քանի որ այն կառուցված է այնպես, որ չվնասվի»,- ասաց Ադբաշյանը:

 

Սոնա Հարությունյան