ՀՀ ոստիկանությունը բացահայտել է բեմադրված ավտովթարի դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Վանաձորի բնակիչներ Միքայել Միտիչյանը և Վահե Շահվերդյանը ավտովթարի վերաբերյալ դիմել էին ապահովագրական ընկերություն:
Արդյունքում արձանագրվել էր, որ Շահվերդյանը իր վարած «Վազ 2121» մեքենայով բախվել է Միտիչյանի վարած «Տոյոտա Քեմբրի» մեքենային, որը, դուրս գալով ճանապարհի երթևեկելու գոտուց, բախվել է սյանը: Դեպքից շուրջ հինգ ամիս անց ոստիկանները պարզեցին, որ նշված ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթար չի եղել, և իբր վթարը նախնական համաձայնությամբ բեմադրվել է: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները տեղեկություններ ունեին, որ Միտիչյանի վարած մեքենան վթարի է ենթարկվել ներկայացվածից երեք օր առաջ և իսկապես բախվել էր սյանը, բայց առանց «Վազ 2121»-ի միջամտության:
Քննությամբ հիմնավորվել է, որ Միտիչյանը և Շահվերդյանը նախնական համաձայնությամբ բեմադրել են ավտովթար և ապահովագրական ընկերությունից խաբեությամբ հափշտակել 1 միլիոն 714 հազար դրամ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ խարդախության հատկանիշով: