ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում ներկայացնելով նախարարության՝ 2018 թվականի անելիքներն ու գերակա խնդիրները՝ նշեց, որ որպես առաջնային խնդիր՝ նախարարության առաջ դրվել է դրամաշնորհային նոր ծրագրերի կնքումը և այս առումով, իրենք ջանք ու եռանդ չեն խնայում հնարավոր բոլոր միջոցներով միջազգային փողերը Հայաստան բերելու ուղղությամբ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը և հավելեց, որ այս պահին 70-ից ավելի դրամաշնորհային ծրագրեր են նախատեսում կնքել տարբեր միջազգային ընկերությունների հետ: 

 

Ի թիվս այլ առաջնային ծրագրերի՝ փոխնախարարը նաև նշեց ձկնաբուծական ընկերություններ-մասնավոր հատված ակտիվ համագործակցությունը, որը կբերի ջրի խնայողության և արդյունավետ կառավարման: 

«Նախարարությունն ակտիվորեն աշխատում է նաև էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ և շատ շուտով մենք ունենալու ենք էկոտուրիզմի թանգարանի բացում: Լինելու է նաև վճարման առցանց համակարգ, որը նաև արդյունավետ է կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի առումով»:

Խաչիկ Հակոբյանի համոզմամբ՝ 2018 թվականի իրենց ծրագրերն, իր տարբերություն 2017թ.-ի, շատ ավելի կարևոր է այն առումով, որ գնահատված են բոլոր տիպի ռիսկերը, իսկ հանրային քննարկումների արդունքներն այստեղ ևս արտացոլված են: 

Որպես տարվա գերակա ձեռքբերում՝ Հակոբյանը նաև նշեց լիցենզիաների էլեկտրոնային տարբերակով տրամադրման գործընթացը՝ հավելելով, որ 2018 թվականին բոլոր թույլտվություններն ու լիցենզիաները էլեկտրոնային տարբերակով կտրամադրենք:

«Կառավարության հնգամյա ծրագրում ներառված է Ջերմուկ ազգային պարկի, Տաթև ազգային պարկի, Բյուրականում դենդրոպարկ հիմնելու մասին նախագծեր, որոնք այս տարի ավելի տեսանելի տեսք կստանան»:

Փոխնախարարը նաև հավելեց, որ 2018 թվականին Հայաստան են բերվելու ազնվացեղ եղջերուներ, որի հետ կապված՝ հասարակությանը կտրվի հավելյալ տեղեկություն: