Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ ընդդիմադիր պատգամավորների տեսակետի հետ, թե «Ներման մասին» նոր օրենքով ՀՀ նախագահի ներում շնորհելու լիազորությունները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, վերցվում են: «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արփինե Հովհաննիսյանը ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց Սահմանադրությունից մեջբերումներ անելու դեպքում անել լիարժեք, քանի որ դա է ճիշտ գործելաոճը:
«Սահմանադրությամբ ամրագրված է ոչ միայն նախագահի՝ ներում շնորհելու իրավունքը, այլ նաև այն եղանակը, միջոցը, որով նախագահը լուծում է ներում շնորհելու հարցը: Երբ մեջբերում ենք Սահմանադրությունը, բացի 135-րդ հոդվածից, որն ասում է, որ նախագահը լուծում է ներում շնորհելու հարցը, մենք պարտավոր ենք նայել նաև 139-րդ հոդվածը, որը շատ հստակ սահմանում է, որ պետք է լինի ներման վերաբերյալ հանրապետության նախագահին առաջարկություն ներկայացնող մարմին»,-նշեց Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ լուծման մեխանիզմները Սահմանադրությամբ ամրագրված են, ուստի օրենքի քննարկման ժամանակ հնչող մեղադրանքները, թե նախագահի լիազորությունները վերցվում են, տեղին չեն: «Եթե հիմա նման պնդումներ են արվում, ես հարց եմ տալիս՝ իսկ միգուցե, սահմանադրական քննարկումների ժամանակ նման պնդումներ անեիք, սահամնադրական պնդումների ժամանակ ասեիք, որ 139-րդ հոդվածն այլ կերպ է պետք շարադրել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը սկզբունքորեն անհամաձայնություն հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի առաջարկին, թե հարկավոր է դատապարտյալներին ներում հայցելու իրավունքից բացի նաև դատվածությունը հանելու իրավունք տալ: «Դատվածությունը հետևանք է, սակայն այդ հետևանքի առկայությունը նոր հանցագործություններ կատարելու ժամանակ գնահատողական և որոշակի իրավական հետևանքներ առաջացնող գործընթաց է»,- նշեց Հովհաննիսյանը: