Փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ կերպ չի հիմնավորել և չի մեկնաբանել, ինչի պատճառով էլ Հայաստանի Հանրապետության փաստաբաններն այս օրերին նախաձեռնել են բողոքի ակցիա:
Ինչպես նախաձեռնող խմբի անդամ փաստաբան Մարինե ֆարմանյանն է նշում, Կառավարությունը մանևրել է և Քաղաքացիկան դատավարության մասին օրենսգրքի փոփոխություններով փաստաբաններին կաշկանդում է և ուղիղ իմաստով ասած՝ փակում նրանց բերանը:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբանը և հավելեց, որ հայտնի է նաև այս խայռտառակ օրենսդրական դրույթի հիմնավորման պատճառը. «Վերջին շրջանում դատավարությունների ընթացքում ականատես ենք լինում դեպքերի, երբ փաստաբանների առարկություններն ու սուր խոսքը պարզապես դուր չի գալիս դատավորներին, իսկ կառավարությունն այս կերպ որոշեց ելքը գտնել»:
Փաստաբանի խոսքով՝ նախաձեռնելով բողոքի ակցիա՝ իրենք տապալել են բոլոր տիպի քննչական գործողոություններն ու կաթվածահար են արել հասարակական հնչեղություն ունեցող դատական նիստերը, քանի որ համոզված են՝ դատավորի կողմից փաստաբանին տուգանելու նախագծով պարզապես հետընթաց ենք ապրելու:
Խոսելով փաստաբանների հետագա անելիքների մասին՝ Ֆարմանյանը նշեց, որ իրենք ունեն մի շարք զենքեր, որոնց միջոցով անելու են հնարավորն ու անհնարը՝ Կառավարության այս օրինագծի դեմ պայքարելու և վերջնական արդյունքի հասնելու համար:
«Գործադուլներ, բողոքարկումներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս դրույթը վիճարկելու որոշում: Սրանք մեր պայքարի գործիքակազմի մեջ մտնող տարբերակներն են, սակայն միայն այս եղանակներով չենք բավարարվելու»,-ասաց փաստաբանը և հավելեց, որ Եվրոպական դատարանը դեռ քսան տարի առաջ է այս խնդրին անդրադարձել և հստակ սահմանել, որ փաստաբանի նկատմամբ չպետք է երբևէ կիրառել որևէ տեսակի ճնշում:
Բողոքի նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ փաստաբան Արտաշես Խալաթյանն էլ, խոսելով վիճելի օրենսդրական նախաձեռնության մասին, նշեց, որ առաջարկվող փոփոխությունները կամայականության վառ դրսևորում են, և, ըստ էության, օրենքի նախագիծը մշակելու ժամանակ հաշվի չեն առնվել տարաբնույթ շահերը: «Եթե Արդարադատության նախարարության առաջ դրված է նպատակ կարգազանց փաստաբանին կարգի հրավիրելու, թող հենց նրան տուգանեն, ոչ թե մի կարգազանցի պատճառով վտանգի տակ դնեն ողջ փաստաբանական հանրության հեղինակությունը»,-նշեց Խալաթյանը և հավելեց, որ դատավորների կողմից փաստաբանների նկատմամբ տուգանքների նշանակումը կբերի նաև փաստաբանական ծառայությունների գների աճի։
Հիշեցնենք, որ Բողոքի ակցիա նախաձեռնած փաստաբանները պահանջում են ՀՀ Ազգային ժողովից թույլ չտալ սահմանադրական օրենքի խախտմամբ ներկայացված Նախագծի ընդունումը:
Հայտարարում են, որ փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնելու 2018 թվականի փետրվարի 8-ին, ինչպես նաև 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին:
Առաջարկում են ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ Նախագծի քննարկման նիստին հրավիրել փաստաբանների ներկայացուցչին և ելույթ ունենալու հնարավորություն տալ: