Հայաստանում 2017-ին արձանագրվել է 20 285 հանցագործության դեպք, ինչը 1521-ով կամ 8.1 տոկոսով գերազանցում է 2016-ի ցուցանիշը: փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փաստեց, որ աճը վկայում է հանցագործությունների հաշվառման և հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին: Նրա խոսքով` աճն արձանագրվել է միայն միջին և ոչ մեծ ծանրության հանցագործություններում:

«Դրան զուգահեռ, նախորդ տարվա համեմատ էապես նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ համապատասխանաբար 11.4 և 16.7 տոկոսով»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազը հայտնեց, որ աճել են այն հանցագործությունները, որոնք մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի լատենտայնությամբ:

«Մենք էական աճ ունենք կոռուպցիոն հանցագործություններում, թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում արձանագրված հանցագործություններում»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Դատախազը նշեց, որ տարիներ շարունակ հանցագործությունների հաշվառման համար պատասխանատու պետական մարմինների կողմից հանցագործությունների թաքցնելու կամ չհաշվառելու դեպքերին պատշաճ արձագանք է տրվել:

«Հատուկ քննչական ծառայությունում քննված բազմաթիվ քրեական գործերով հետապնդումներ են իրականացվել, դատի են տրվել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հանցագործությունները թաքցնելու գործողություններ են իրականացրել: ՀՀ դատախազության ամենօրյա հսկողության արդյունքում 2017-ին այս ոլորտում ունեցել ենք էական բարելավում»,- եզրափակեց Դավթյանը: