Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

«Այսօր սկսում ենք մեր մարզային այցերը: Նախորդ տարի որոշակի քայլեր ենք իրականացրել, որպեսզի հասկանանք մարզերի կառավարման, հաշվետվությունների ձևաչափերը, թե ինչ ցուցանիշներն ենք տարեցտարի համեմատելու, ինչ խնդիր ենք սահմանելու:

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2018-ին ձևավորել է մարզերի կառավարման վերջնական կառուցվածքը, ճարտարապետությունը, որում բառացիորեն ընդգրկվելու են բոլոր ոլորտները»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ մարզպետարաններն արդեն իսկ մշակել են 2017-2025 թվականների զարգացման ծրագրերը: 

 

«Դրանք Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գնահատել է որպես շատ լուրջ փաստաթղթեր, որոնք ընդգծում են մարզերի զարգացման հորիզոնները: Այնպես որ, 2018-ին մեզ սպասում է բավականին հետաքրքիր, և վստահ եմ, արդյունավետ աշխատանք»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ «ունենք բավականին լավ հեռանկարներ, որպեսզի մոտակա տարիներին ապահովենք տնտեսական աճ, ինչը մեզ հիմք է տալու իրականացնել լուրջ բարեփոխումներ կառավարման ոլորտում՝ բոլոր օղակների առումով»:

 

Աղբյուրը՝ 1in.am