Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միլլի մեջլիսի «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացվող գործողություններին և ԱՄՆ-ին մեղադրել Թուրքիայի դեմ պայքարելու մեջ:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
«Սիրիայում ԱՄՆ ուժերի պայքարն ընդդեմ «Իսլամական պետության» իրականում բեմականացում է, և այն վերածվել է Թուրքիայի դեմ պայքարի»,- ասել է Էրդողանը:
Էրդողանը նաև անդրադարձել է մոտ մեկ շաբաթ առաջ Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատար Փոլ Ֆանքի կատարած հայտարարությանը:
«Այդպիսի բաներ ասում են նրանք, ովքեր ծանոթ չեն օսմանյան ապտակին»,-ասել է Էրդողանը:
ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք էր տվել սիրիական Մանբիջի վրա հարձակվելու վերաբերյալ Թուրքիայի նախագահիհայտարարություններին:
Ամերիկացի հրամանատարը նշել էր, որ Մանբիջի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:
«Կոալիցիոն ուժերը Մանբիջում են, որպեսզի ամրապնդեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը, եթե Թուրքիան հարձակվի Մանբիջի վրա մենք համապատասխան հակահարված ենք տալու»,-նշել էր Փոլ Ֆանքը:
Հրամանատարը ևս մեկ անգամ վերահաստատել էր իրենց վստահությունը քրդական ուժերի նկատմամբ, որոնք համագործակցելով կոալիցիայի ուժերի հետ, Ռաքքան ազատագրել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից: