Փետրվարի 11-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում կայացավ «Արարող ձեռքեր» խորագիրը կրող ծրագրի առաջին ցուցահանդեսը, որը տեղի է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր հովանու ներքո:

Ո՞րն է ցուցահանդեսի անցկացման նպատակը և ի՞նչ դերակատարություն է ստանձնել Մայր Աթոռը երիտասարդ ստեղծագործողների աջակցելու հարցում: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ:

Վերջինիս խոսքով՝  իրենք հոգեկան մեծ ուրախություն են ապրում, որ «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագիծը, հենց գաղափարը՝ ավելի քան 50 արվեստագետի մասնակցություն արձանագրեց և այդ ամենամեծ առաջին արդյունքն է, ուրեմն այդքան խանդավառ հոգիներ պատրաստ են կյանք տալ այդ նախագծին. «Եվ ահա բացվեց առաջին ցուցահանդեսը՝ շնորհալի արվեստագետների, հայ արարող ձեռքերի ստեղծագործությունները հանգրվանեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահում: Նախագիծը ոչ միայն երիտասարդ արվեստագետներին է ոգեշնչել, այլև արվեստասերներին առհասարակ: Նախագիծը ողջունեցին արվեստաբաններ ու ավագ արվեստագետներ, նաև այն անձինք, ովքեր տարբեր կրթական հաստատություններում իրենց կարևոր նպաստն են բերում երիտասարդ արվեստագետների կայացմանն ու նրանց արվեստի կատարելագործմանը: Ուսանողների կամ տակավին անհայտ երիտասարդների հանդեպ մշակութային հաստատություններ հիմնականում զգուշավոր են, իրենց ցուցասրահների դռները հեշտությամբ չեն բացում, ինչի արդյունքում շատերը չեն կարողանում իրենց արարչությունը մատուցելու, ճանաչելի դարձնելու եւ մի տեսակ դաշտից դուրս են ստեղծագործում»,-նշեց Տեր Ասողիկը և հավելեց, որ Մայր Աթոռի այս նախագիծն ամբողջապես բացել է դռները և տրամադրել է մի պատմական հարթակ, հրավերն ուղղված է ամենքին, ովքեր պատրաստ են, քաջություն ունեն ցուցադրվելու և լիահույս են, որ այս նախագծի շրջանակներում հայտնի են դառնալու նոր անուններ, ովքեր հետագայում համալրելու են հայ դասականների շարքերը:

Ըստ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրենի՝ արդեն առաջին ցուցահանդեսի մասնակիցները՝ Միքայելն ու Սարգիսը, մոտեցել են և շուտով տեղ են գտնելու հայ մշակույթի ու արվեստի Օլիմպոսում և իրենք համոզված են, որ հաջորդ մասնակիցները նույնպես ձգտում կունենան այդտեղ հանգրվանելու:

Խոսելով եկեղեցի-երիտասարդություն կապի մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այսօրվա Հայոց Եկեղեցին երիտասարդական եկեղեցի է և  տաճարներում ամենուր երիտասարդներ են, եկեղեցական-ծխական կառույցներում մեծամասամբ երիտասարդներ են, մշակութային, կրթադաստիարակչական հաստատություններում՝ «Հայորդաց տներում», մանուկներ, պատանիներ ու երիտասարդներ են. «Եվ այս ամենը՝ շնորհիվ մեր այսօրվա Շնորհազարդ Հայրապետի տեսլականի ու ջանքերի: Ինչպես անցյալում, այսօր և միշտ՝ Հայոց Եկեղեցին իր կարելին ի սպաս է բերում մերազնյա երիտասարդների համար, որ նրանք կրթվեն, կայանան, զարգանան և կերտեն գալիքը մեր ազգի և եկեղեցու: Այո՛, կան դժվարություններ, կրում ենք նեղություններ, զրկանքներ, բայց կա տեսիլք, կամք և ձգտում, ուրեմն՝ կլինեն հաղթանակներ: Հաղթանակը միայն մարտի դաշտում չէ, կյանքի ցանկացած ասպարեզ մարտադաշտ է: Մեր այս նախագծով, մեր այս փոքրիկ լումայով՝ մշակույթի ու արվեստի բնագավառի հաղթանակներից մեկի ճանապարհն ենք հարթում: Թող հայ երիտասարդը միշտ վստահ լինի, որ իր հարազատ Եկեղեցին պատրաստ է նաև աջակցելու, մարտակցելու»,-ասաց նա:

Հարցին՝ ցուցահանդեսների ընթացքում լինելո՞ւ են  արդյոք սփյուռքում ապրող և ստեղծագործող երիտասարդների աշխատանքների ցուցադրություններ, Տեր Ասողիկ Կարապետյաը նշեց, որ  ավելի քան 50 արվեստագետ հայտ է ներկայացրել, որոնց թվում նաև Սփյուռքից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից. «Մենք շարունակում ենք հայտերն ընդունել, չենք սահմանափակվելու միայն այս տարով, Հայոց Հայրապետի օրհնությամբ ցուցահանդեսային նախագիծը կշարունակվի նաև գալիք տարի. բոլոր դիմողներին տրվելու է հնարավորությունը հանդես գալու հանուր հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»,-նշեց նա և հավելեց, որ բացի «Արարող ձեռքեր» նախագիծը, մի շարք ձեռնարկներ էլ են իրագործվելու և ամեն թեմ, եկեղեցական հաստատություն ունի իր ծրագիրը, որոնք ներառում են բազմաբովանդակ միջոցառումներ. «Կուզեմ մասնավորապես շեշտել թեմական ուխտագնացությունները, որոնք կատարվելու են տարվա ընթացքին: Եվ բնական է, որ բազմաթիվ երիտասարդներ՝ լինելով Հայրենիքում, Մայր Աթոռում, այցելելու են նաև «Արարող ձեռքեր» նախագծի ցուցահանդեսներին՝ հաղորդակցվելով իրենց հասակակիցների արվեստին, ապրումներին, զորությանը: Վերջապես, այս տարին հոբելյանական է. մեծագույն հաղթանակներից Սարդարապատի հերոսամարտի և Հայոց Հանրապետության 100-ամյա հոբելյանը պատգամում է հայ երիտասարդությանը, որ լինի կրթյալ, լուսավորյալ, հավատարիմ իր նախնյաց ավանդներին, իր ինքնությանը, լինի մեկ շունչ, մեկ հոգի, մեկ մարմին և շարունակի արարել՝ պահելով ու զարգացնելով Հայոց պետությունը: Ահա այս պատգամն է Հայոց Եկեղեցու բոլոր ծրագրերի հիմքում, որոնք կազմվել և կյանքի են կոչվում Երիտասարդության տարվա առիթով»:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագծի համակարգող, նկարչուհի Աննա Սուքիասյանն էլ նկատեց, որ ցուցահանդեսի անցկացման նպատակներից է նաև ստեղծել մշակութային առողջ միջավայր, և հանրությանը ճանաչելի դարձնել տաղանդավորներին, ովքեր, իսկապես, շատ են. «Այս ոլորտը մեր երկրում հիմա անմխիթար վիճակում է գտնվում, և ես հույս ունեմ, որ այս նախագիծը, որի մեկնարկը տվել է եկեղեցին, կունենա շարունակություն, և այս անգամ աջակցությունը կլինի նաև պետության կողմից, քանի որ պետության հիմքը մշակույթն է, իսկ մեր ժողովուրդն արարող է և շատ տաղանդավոր»,-ասաց Աննա Սուքիասյանը՝ հավելելով, որ ցուցահադեսների նախագծի ծրագրում ընդգրկված երիտասարդներից շատերն իրենց որակներով համադրելի են և մրցունակ աշխարհի ցանկացած արվեստագետի հետ։

Նկարչուհին նաև կարևորեց այն հանգմանքը, որ այս ծրագրի շրջանակներում կան մասնակիցներ սփյուռքից, որի արդյունքում իրենք կունենան նաև մասնագիտական փորձի փոխանակում: 

Աղավնի Սուքիասյան