Այսօր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցում Արցախի անդրադարձին՝ ասել էր, որ «այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է»:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրական գնահատեց ԱԳ փոխնախարարի հայտարարությունը.
«Ուրախ եմ, որ մեր Արտգործնախարարությունն արձագանքեց և հնարավոր է՝ նախապատրաստում են հասարակությանը: Եթե դու ուզում ես կանխել վատ զարգացումները, պետք է նախապատրաստական քայլեր անես: Ես դրական եմ համարում Շավարշ Քոչարյանի հայտարարույթունը, որ նախապատրաստում են ոչ միայն մեր, այլև միջազգային հասարակությանը, որպեսզի իմանան, որ այդ վտանգը կա և Ադրբեջանը նպատակաուղղված պատրաստվում է պատերազմի»,- ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հայտարարությունը, հնարավոր է՝ որևէ դեր խաղա, քանի որ միջազգային հանրության զգալի մասը չի ուզում, որ այստեղ պատերազմ լինի:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունները նոյեմբերից ապրիլ տեղափոխելը կապված է միայն Ղարաբաղի հարցի հետ. «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և հենց այդ պատճառով էլ ընտրությունները տեղափոխեց ապրիլ ամսին: Եթե ինքն ընտրություններն աներ նոյեմբերին ու պատերազմը սկսեր ամռանը, ապա լուրջ խնդիրներ կունենար։ Ընտրությունները տեղափոխեցին ապրիլ, որպեսզի լուրջ գործողություններ կսկսեն։ Փաստը մեզ հուշեց, որ նախապատրաստվում են լուրջ գործողությունների»,- ասաց նա:
Գրիգորյանն ընդգծեց, որ պետք է շատ լուրջ վերաբերվել ԱՄՆ-ի հետախուզության զեկույցին․ «ԱՄՆ հետախուզության ծառայության անդրադարձը մեսիջ էր, որ հավանակությունը պատերազմի շատ մեծ է, քանի որ իրենք վերլուծում են Հայաստանի և Ադրբեջանի քայլերը: Ես կարծում եմ՝ օրեր առաջ Ալիևի ագրեսիվ ելույթը պատահական չէր և խոսքերն ուղղված էին մեզ:
Հայաստանում նախագահականից պառլամենտականին անցումը իրոք խառնաշփոթ վիճակ է ստեղծել: Իրենք դա շատ լավ գիտեն և պատրաստվում են: Իրենք լավ հիշում են Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում, երբ ասաց՝ մոռացե՛ք Ղարաբաղը, դրա կարգավիճակի մասին, որի մասին այլևս չենք խոսելու, քանի որ Ղարաբաղը չի լինի Ադրբեջանի կազմում»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները մեսիջ են ուղարկում, որպեսզի ուշադիր և պատրաստ լինենք հակառակորդի գործողություններին:
Սոնա Հարությունյան