Մյունխենի համաժողովում հավաքվում են միջազգային քաղաքականությանն առնչվող մարդիկ և այստեղ ելույթ ունենալը շատ կարևոր է, իսկ ինչ վերաբերում է Մյունխենի համաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ապա պետք է ասեմ, որ դա դեռևս մեկ ամիս առաջ ՄԱԿ-ում արված նրա հայտարարության տրամաբանական շարունակությունն էր:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ նախագահ Սարգսյանն այս հարթակում կարողացավ հստակ ներկայացնել Հայաստանի որդեգրած «և,և»-ի քաղաքականությունը, որը նաև որոշակի ուղերձ էր ամերիկյան հանրությանն, ովքեր պնդում են, որ Հայաստանը կորցել էր ԵՄ-ին անդամակցելու իր պատմական շանսը և ստիպված է անդամակցել ԵԱՏՄ-ին. «Նախագահ Սարգսյանն այս հարցը վերջնականապես փակեց»:
Քաղաքագետի խոսքով՝ նախագահի ելույթի հաջորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանի նախագահ Ալիևին և միջազգային հանրությանը: «Պետք է հաշվի առնենք, որ Ալիևն այդ հայտարարությունը կարող է դարձնել հրաման: Միջազգային իրավունքի բոլոր նորմերն Ադրբեջանը խախտում է անգամ սպառնալիքներ հնչեցնելով: Ժամանակին նա սպառնում էր Արցախին, հիմա սպառնում է Երևանին: Սա արդեն լրջագույն մարտահրավեր է և սրա պատասխանը տվեց Նախագահ Սերժ Սարգսյանը: Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը համապատասխան հետևություններ պետք է անի: Այս ուղերձը ցույց է տալիս նույն միջազգային հանրությանը, թե ինչ արժեհամակարգերի տեր են Հայաստանն ու Ադրբեջանը»,-ասաց Սարգսյանն՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը կայանում են նաև օգտագործվող հռետորաբանության մեջ և Հայաստանն ագրեսիայի և կոշտ հայտարարությունների կողմնակիցը չէ:
Հարցին՝ արդյո՞ք չկա անհրաժեշտություն, որ Ալիևի վրա կոնկրետ ճնշումներ կիրառեն գերտերությունները, Սարգսյանը նկատեց, որ Ադրբեջանի նախագահը փորձում է ամեն կերպ հանրության թույլ կողմերի վրա խաղալ, թեև անգամ այս պարագայում՝ նրա նկատմամբ զգոնությունը չպետք է թուլացնել:
Աղավնի Սուքիասյան