Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանն ազատվել է աշխատանքից: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տեղեկությունը փորձեց ճշտել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի կապերի բաժնի պետ Գևորգ Էմին-Տերյանից:
«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը սպասում է դատախազության որոշմանը, որից հետո կկատարի իր որոշումը: Իրավական գնահատական պետք է տրվի, որպեսզի հայտնի լինի, թե ինչ է կատարվել իրականում: Դրանից հետո պարզ կդառնան հետագա քայլերը»,-ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
Նշենք նաև, որ քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ ուսանողները ցույց են իրականացնում: Պատճառը փոխդեկանի անվան շուրջ բարձրացած սկանդալի վերաբերյալ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիրքորոշումն է:
Ուսանողների խոսքով՝ Գևորգ Բարսեղյանը լավ փոխդեկան և պարկեշտ անձնավորություն է, ով պետք է շարունակի աշխատել համալսարանում։
«Բարսեղյանը մնալու է» վանկարկումներով ուսանողները շարժվեցին դեպի ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենք:
Հիշեցնենք, որ օրեր առաջ փոխդեկան Գևորգ Բարսեղյանը ծեծի է ենթարկվել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինս ուսանողուհիներից մեկին անպարկեշտ առաջարկություններ է արել, որի մասին ուսանողուհին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել և իր աշխատասենյակում ծեծի են ենթարկել փոխդեկանին:
Սոնա Հարությունյան
Լուսանկարները՝ aravot.am-ի
Տեսանյութը՝ hraparak.am-ի