Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ Լիբանանի նախագահի դիմավորման արարողությունը:
Միշել Աունը Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:
Լիբանանի նախագահի պատվիրակության կազմում են երկրի ներքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնուքը, արտգործնախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կեդանյանը, կաշառակերության դեմ պաշքարի պետական նախարար Նիկոլա Տուեյնին, ինչպես նաև Լիբանանում Դաշնակցություն կուսակցության ղեկավար Հակոբ Բագրատունին:
Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի հետ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետև կայցելի Մայր Տաճար և գանձատուն:
Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: