Կառավարության այօրվա նիստում վարչապետ Կարապետյանն անդրադարձավ առողջապահական հաստատությունների կառուցմանը և նշեց, որ դրանց արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջներ, պայմաններ և ֆունկցիոնալ կառուցվածք։
«Միաժամանակ, բժշկական հաստատություններին վերաբերող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերը ընդունվել են 1989 թվականին, չեն արդիականացվել և չեն համապատասխանում միջազգային փորձում ընդունված ժամանակակից չափանիշներին ու պահանջներին, ինչպես նաև սահմանափակում են փոքր ծավալի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններ կառուցելու հնարավորությունները»,- ասաց վարչապետը և հանձնարարեց Առողջապահության նախարարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ։
«Մենք կառուցում ենք բժշկական հաստատություններ, որոնց ծախսերից դուրս գալը պրակտիկորեն անհնար է: Դրանք ունեն բարձր առաստաղներ, պահանջում են ջեռուցման համար մեծ ծախսեր. աշխարհում նման բան չկա»,-ասաց վարչապետը: