Եվրամիության կողմից ապրիլին հրապարակվելիք Թուրքիայի առաջընթացի մասին զեկույցը կրելու է քննադատական բնույթ, եթե, իհարկե, մինչ այդ տվյալ երկրում արմատական փոփոխություններ չլինեն:

Այս մասին գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում հայտնել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Նա ընդգծել է, որ Բրյուսելն Անկարայից ակնկալում է հարգել հիմնարար ժողովրդավարական իրավունքները, այդ թվում դատական անկախությունը, հավատարմությունն իրավական պետության սկզբունքներին և խոսքի ազատությունը:

Հանն անդրադարձել է նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին՝ նշելով, որ անհրաժեշտ է հետևել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքին և անդամակցությունից ավելի կենտրոնանալ այդ երկրի հետ ռազմավարական համագործակցությունը խորացնելու վրա:

ԵՄ հանձնակատարը նշել է նաև, որ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին մեկ տարի կալանքի տակ պահելուց հետո ազատ արձակելու մասին թուրքական կողմի որոշումը ամենևին չի փոխում իրենց մտահոգությունները Թուրքիայում իրավական համակարգում առկա խնդիրների առնչությամբ: «Չենք կարող աչք փակել Թուրքիայում իրավական համակարգի նման լուրջ թերությունների վրա: Ակնհայտ է, որ այդ երկրում քաղաքականությունը ազդում է դատական համակարգի վրա»,- ասել է նա: