Վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ճվճվ Արոյի» աները՝ «Տրանսգազի» Կոլյան թոռներին ազատելու հույսը դեռ չի կորցնում: Ընդ որում, այս հարցով Սերժ Սարգսյանի մոտ միջնորդում են ոչ միայն տեղական, այլ նաև ռուսաստանյան հեղինակություններ: Իհարկե, գլխավոր միջնորդն այս հարցում կարող է լինել վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի բացակայության օրերին հայտնի քրեական հեղինակություն «Ճվճվ Արոյի» որդիների հետ կապված սկանդալային միջադեպերը հանրային աննախադեպ ուշադրության արժանացան և մամուլում գրվեց, որ նրանք վարչապետի սանիկներն են: Ըստ արժանահավատ աղբյուրների՝ «Տրանսգազի» տնօրեն Նիկոլայ Գրիգորյանը Կարեն Կարապետյանի մերձավոր ընկերն է ու հենց գործող վարչապետն է Հայաստանի էլիտայի այն գործիչը, ով նույնիսկ Մոսկվայում գտնվելու տարիներին եղել է այս երիտասարդների «տանիքը»: Այնպիսի տպավորություն է, որ այս իրադարձություններն անարձագանք մնացին Կարեն Կարապետյանի կողմից, որովհետև նա կորցրել է հետաքրքրությունն այն ամենի հանդեպ, ինչը կապված է Հայաստանի հետ: Մյուս կողմից` հնարավոր է, որ Կարեն Կարապետյանն ընդամենը կորցրել է իշխանության մեջ առաջինը լինելու ամբիցիան և այլևս ուշադրություն չի դարձնում իրադարձությունների վրա, որոնք կարող են ազդել նրա վարկանիշի կամ իմիջի վրա: Սակայն դա չի նշանակում, որ Կարապետյանի միջնորդությունը, եթե այդպիսին իհարկե լինի, անհապաղ բավարարվելու է Սարգսյանի կողմից: Բանն այն է, որ Սարգսյանը այս պահին զբաղված է իր վարչապետական հայտի լեգիտիմացմամբ, իսկ նրա՝ թեկուզ ոչ ակնհատ մասնակցությունը այս գործի հանգուցալուծմանը հոգուտ «Սաքուլիկների»՝ հանրության շրջանում բացասական ընկալում կձևավորի: Իհարկե՝ Սարգսյանը չի նեղացնի գազավիկներին, հատկապես, որ բոլորիս հիշողության մեջ թարմ է նախագահի՝ Դիլիջանում ՏԻՄ-երին նվիրված ծավալուն ելույթը, որտեղ նա, մասնավորապես, նշել էր՝ «Մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար եւ այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլեւս հանդուրժել»:
Միևնույն ժամանակ՝ ակնհայտ է, որ ռեզոնանսային այս գործի հանգուցալուծումը մենք կտեսնենք միայն և միայն ապրիլին՝ ներքաղաքական գլխավոր ինտրիգի հանգուցալուծումից և վերադասավորումներից հետո: «Ճվճվ Արոյի» որդիները նախկինում էլ հայտնվել են քրեական աղմկոտ պատմություններում ու վրաերթերում, զրկվել վարորդական իրավունքից, բայց երեւում է՝ դրանք մշտապես ձեւակերպվել են Սերժ Սարգսյանի նշած «դժբախտ պատահարներ»: Ի՞նչ կլինի այս անգամ: Իրականությունն այն է, որ անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ ու պատահարներ, եւ այդ իմաստով իշխանությունն ուղիղ պատասխանատվություն է կրում դրանց համար:
Ստելլա Խաչատրյան