Հայաստանը գեղեցիկ երկիր է զբոսաշրջության տեսանկյունից, իսկ Լիբանանն ունի ծովափ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշում է երկու երկրների զբոսաշրջիկների համար փոխադարձ գրավիչ լինելու պատճառները: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում հայազգի նախարարն ասաց, որ 2017-ին Հայաստանից Լիբանան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 11 հազարը, իսկ Լիբանանից Հայաստան են եկել ոչ միայն հայեր, այլ նաև լիբանանցիներ: «Լիբանանից Հայաստան այցելող զբոսաշրջիկները ոչ միայն հայեր են, այլև լիբանանցիներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով' որպես կրոնական զբոսաշրջության ուղղություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Ավետիս Կիտանյանը:
Նրա դիտարկմամբ' լիբանանցիները Հայաստանը սիրում են տեղի հայ համայնքի միջոցով և առնվազն ցանկանում են այցելել մեր երկիր ու սեփական աչքերով տեսնել այն: Այցելություններին նպաստում են նաև ամռան ամիսներին դեպի Բեյրութ-Երևան ուղղությամբ գրեթե ամեն օր իրականացվող կանոնավոր չվերթները:
Ավետիս Կիտանյանը խոսեց նաև արդյունաբերության ճյուղում երկկողմ կապերն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտության մասին' շեշտելով, որ դրանք կլինեն ընթացիկ մարտի կեսերին ՀՀ վարչապետի' Լիբանան այցի քննարկումների առանցքում:
Նախարարի խոսքով' Լիբանանի խորհրդարանում ու կառավարությունում հայազգի անդամների ներկայությունը նպաստ է ունենում երկկողմ բացառիկ հարաբերություններ հաստատման գործում: «Մենք Լիբանանում մեզ զգում ենք Լիբանանի քաղաքացիներ, բայց մեր հայկական ծագումը երբեք չենք մոռանում»,-հավելեց Ավետիս Կիտանյանը: