Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Էլեն Գրիգորյանն ահազանգեց, որ ՛՛Lutik՛՛ ապրանքանիշի պահածոյացված վարունգի մեջ որդեր կան: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Էլեն Գրիգորյանը փոխանցեց, որ վարունգը hetq.am լրատվականի միջոցով փորձաքննության են ներկայացրել լաբորատորիայում և արդեն ստացել են արդյունքները:
Ըստ եզրակացության՝ վարունգի նմուշը գնահատվել է ոչ պիտանի սննդում օգտագործելու համար:
«Մենք ստացանք փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ հաստատվեց, որ վարունգի մեջ եղած օտարածին մարմինները որդեր են եղել: Ինձ հետ կապ էր հաստատել Lutik-ի վաճառքի տնօրենը և փորձաքննության համար վերցրել նույն նմուշից: Նա նաև նշեց, որ իրենց ընկերությունը հանդիսանում է ապրանքը ներկրող, ուստի հարկավոր է կապ հաստատել նաև արտադրողի հետ»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ հնդկական «Բնազրում Ագրոէքսպորտս» ընկերության արտադրության ՛՛Lutik՛՛ ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա ՍԱՊԾ-ն ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ. «ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Մարգարյան 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետ, որտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել, իսկ նույն խմբաքանակի մարինացված վարունգի՝ տեղում բացված-կտրատված 3 նմուշների մեջ էլ որևէ բան չեն հայտնաբերել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ծառայութունը ներմուծողին հանձնարարել է կապ հաստատել արտադրող ընկերության հետ՝ մանրամասները պարզելու համար:
«Մինչ այդ՝ ՛՛Lutik՛՛ ապրանքանիշի ներմուծող «Մինի Բասկոնիա» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են Ծառայությանը, որ խնդրի մասին բարձրաձայնած քաղաքացու հետ կապ են հաստատել, նրանից նմուշ վերցրել՝ փորձաքննության ներկայացնելու համար: Կարանտին փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վարունգի մեջ եղել են միջատի, մասնավորապես՝ սև ճանճի թրթուրներ: Սա նշանակում է, որ տվյալ տվյալ անհամապատասխանությունը չէր կարող առաջանալ արտադրանքի տեղափոխման և պահման ընթացում և հանդիսանում է արտադրության պրոցեսում առաջացած խնդիր»,- փոխանցեցին ՍԱՊԾ-ից:
Լուսանկարը՝ hetq.am-ի