2017 թվականին կատարած աշխատանքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Սարգսյանը, խոսելով 2017 թվականին կատարված աշխատանքների մասին, նկատեց, որ շինմոնտաժային աշխատանքների մասով աճը 3 տոկոսից ավելի է, ինչը 20 տոկոսով գերազանցել է նախորդ՝ 2016 թ. ցուցանիշին:
Նարեկ Սարգսյանի խոսքով՝ շինարարության ոլորտում աճը պայմանավորված է նրանով, որ ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է:
Անդրադառնալով երկրում առկա կիսակառույցների խնդրին՝ Նարեկ Սարգսյանը նկատեց, որ կիսակառույցների վերաբերյալ շարժում կա և ասվածի օրինակ բերեց Աբովյան փողոցի կիսակառույցը, որտեղ պետք է «Երևան» հյուրանոց կառուցվի և աշխատանքներն արդեն սկսվել են․ «Դվին հյուրանոցում ակտիվ շինարարություն է: Կայարանամերձ հրապարակի պատվիրատուն արտասահմանից է, որոշ առողջական խնդիրների պատճառով հետաձգվեց, բայց երկուշաբթի կսկսվեն քանդման աշխատանքները: Կառուցվելու է երկու կարգի հյուրանոց՝ 3 աստղանի և ավելի բարձր կարգի: Ներդրողը Լիբանանի քաղքացի է, ազգությամբ ոչ հայ: Ներդրումների ծավալը գերազանցում է 60 մլն դոլարը»,- ասաց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:
Նարեկ Սարգսյանը խոսեց նաև Հայաստանի սեյսմիկ ռազմավարության մասին՝ նշելով, որ այն նորացվել է և հաստատվել Կառավարության կողմից:
«Հայաստանի շենքերի 70 տոկոսն այսօրվա նորմերին չի համապատասխանում: Դրանք ուժեղացնելը կամ վերակառուցելը ծանր ֆինանսական բեռ է լինելու, ուստի մենք մեթոդիկա ենք մշակել՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ինչպես վարվել այդ ֆոնդի հետ»,-ասաց նա:
Աղետի գոտու խնդիրների վերաբերյալ նա նշեց, որ քաղաքային բնակավայրերում հաշվառվել է 5000 բնակիչ, որոնց հանդեպ Կառավարության ստանձնած պարտավորություններն ավարտվել են 2017-ին, իսկ գյուղաբնակ 500 ընտանիքների խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է 4 մլրդ դրամ, և նրանց հանդեպ Կառավարության ստանձնած պարտավորությունները կավարտվեն 2021թ.-ին:
Պաշտոնյան անդրադարձավ նաւ Երիտասարդական պալատի խնդրին և հայտնեց, որ մեկ ամիս առաջ խոսել է սեփականատիրոջ հետ․ «Հիմա բանակցություններ ենք վարում, որ գտնենք շատ ներդրողների, որովհետև այն, որպես մեկ ներդրումային ծրագիր, շատ բարդ է: Կա երկու տարբերակ. մեկը, որ պրոգրեսիվ հարկ սահմանվի քաղաքի կարևոր հատվածներում չավարտված կամ չսկսված շինությունների նկատմամբ: Եթե չես անում շինարարություն, հողի հարկը կտրուկ աճում է և ստիպված ես լինում կամ շինարարություն անել, կամ վաճառել: Շատ բարդ հարց է դա: Երկրորդը գերակա հանրային շահ ճանաչելն է, երրորդը՝ բանակցությունները, որոնք արդյունք են տվել, և կիասակառույցները սկսել են տեղից շարժվել»,-ասաց Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկա երկու-երեք ամիսներին պալատի հարցում որևէ դրական տեղաշարժ կնկատվի։