Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարաշում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների դիմաց ելույթի ժամանակ ապշեցրել է մանկահասակ աղջկա հետ երկխոսությամբ՝ սոցցանցերում դառնալով լուրջ քննադատությունների առարկա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, Էրդողանը բեմ է հրավիրել ամբոխի մեջ իրեն լսող մարդկանց շարքում գտնվող կարմիր բերետավոր աղջկան, ով լացելիս է եղել: Էրդողանը նշել է, թե «կարմիր բերետավորները չեն լալիս»:
Այնուհետև Թուրքիայի նախագահը շարունակել է՝ ասելով. «Եթե նա էլ զոհվի պատերազմում, նրան էլ դրոշի մեջ կփաթաթենք: Ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»:
Ի պատասխան երեխան ասել է՝ այո, ինչն ուղեկցվել է ծափողջույններով:
Սոցիալական ցանցերում Էրդողանի նման պահվածքը լուրջ քննադատության պատճառ է դարձել: Ոմանք կիսվել են այդ տեսանյութով՝ նշելով, որ դա մոնտաժի արդյունք չէ: Մյուսները ցավալի են համարել այն հանգամանքը, որ երկրի նախագահը խոսում է մանկահասակ երեխային զոհելու իր պատրաստակամության մասին: Որոշ օգտատերեր էլ բացարձակապես անընդունելի են համարել այն, որ երեխաները պատերազմի ու քաղաքականության գործիքի են վերածվում: