Սիրիայում մեկամսյա զինադադար հաստատելու վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի որոշումը սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու Ճյուղ» գործողության վրա ազդեցություն չի ունենա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ' Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը չի տարածվում ահաբեկչության դեմ պայքարին միտված գործողությունների վրա:
«Թուրքիայի ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու Ճյուղ» գործողությունն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին: ՄԱԿ-ի որոշումը չի կարող ազդել գործողության վրա, և դրա մասին խոսք անգամ լինել չի կարող»,-նշել է Բոզդաղը:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրինի շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին մեղադրում է իր սեփական քաղաքացիների դեմ քիմիական զենք կիրառելու և իր ժողովրդի «դահիճը» լինելու մեջ: